«Ես սիրով կուղղեմ էս մեր նամակը Ռոբերտ Քոչարյանին, որ մեր 40 երեխեքին ինքը բերի». անհետ կորածի մայր
Էջմիածնի N զորամասից 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած 40 զինծառայողների հարազատներն էլ այսօր հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ: Հարազատները ցանկանում էին հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպանին և որպես հայտարարությունը ստորագրած երրորդ երկրի ներկայացուցիչ՝ նրան հանձնել իրենց երեխաների անուններով ծրարը:
Դեսպանատան պատասխանատուներից մեկը ծնողներին հորդորեց նամակը թողնել նամակների համար հատկացված արկղում, ինչին ծնողները բացասաբար անդրադարձան ու հայտնեցին, որ ծրարը կհանձնեն միայն դեսպանին:
«Եթե մեր էս նամակը էստեղ էլ չեն վերցնում, ու որպեսզի էս իմ նամակն ինչ-որ մի տեղ հասանելի լինի, ուզում եմ դիմեմ նրանց, ովքեր հիմա ուզում են իշխանության գալ։ Եթե կուզենան, ես շատ սիրով էս նամակը հենց Ռոբերտ Քոչարյանին էլ կուղղեմ: Ես սիրով կուղղեմ էս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին, որ մեր 40 երեխեքին ինքը բերի: Կուզե՞ք, ժողովուրդ: Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք: Մենք էլ ռուսից ոչ մի բան չենք ուզում: Մենք հայտարարում ենք, որ մեր էս նամակը տանում ենք, փոխանցենք Քոչարյանին: Ես ծնող եմ, բոլորին էլ կգնամ, կդիմեմ: Հետո չբռնեն, ասենք՝ քաղաքականացնում եք: Ո՛չ»,- որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո հայտնեց անհետ կորած զինվորի մայր տիկին Անահիտը:
Անհետ կորած զինվորների մյուս հարազատները ևս համաձայնեցին այս առաջարկին՝ հայտնելով՝ կգնան իրենց երեխեքի համար ցանկացած քայլի:
Որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո հարազատները բացեցին ծրարը, ծրարից հանեցին անհետ կորած տղաների անունները, և որպես բողոք՝ դեսպանատան դրսևորած ոչ մարդասիրական քայլի դեմ, այն է՝ իրենց չմոտենալուն և ծրարը չվերցնելուն, պատռեցին ծրարը և այն նետեցին նամակների համար նախատեսված արկղի մեջ:
«Գնում եմ Քոչարյանին դիմեմ, գնում եմ Քոչարյանի գրասենյակ, ով ուզում ա, թող իմ հետ մասնակից լինի, չէ, ես գնում եմ: Արդեն հերիք ա, զզվել ենք էս պետությունից: Ունե՞նք պետություն, չունե՛նք: Հիմա տեսա՞ր, որ չունենք: Քանի՞ օր ա, 112 օր ա»,- ասաց տիկին Անահիտը:
Անհետ կորած զինծառայողների հարազատներն առաջիկա օրերին կլինեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում՝ նամակը նրան փոխանցելու համար: