«Մեր որոշումները որևէ կերպ վախենալու կոնտեքստում չի կարող լինել». Լիլիթ Մակունցը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես են ստուգել, որ արտահերթ ընտրությունների հետ կապված հանրային պահանջ չկա։
«Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը ընդդիմության և ընդհանրապես քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է։ Քանի որ այդ քաղաքական ուժերը, ինչպես մենք նշել ենք, խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ գալով համաձայնության արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն՝ այդպես է։
Եվս մեկ անգամ արձանագրենք, որ դրական արձագանք չի ստացել մեր կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։ Ինչ վերաբերում է այն պայմաններին, քննարկելու, թե դրանք ինչպես պետք է անցկացվեն, իհարկե, շատ կարևոր է, որովհետև ընտրություններին մասնակցում է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Ըստ իշխանական խմբակցության ղեկավարի, արդեն ասել են, որ իշխանափոխության ընդդիմության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով։ Ոստի դրանով է պայմանավորված եղել, որ իշխանությունն ասել է, որ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։
«Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա մենք ասել ենք, որ շարունակելու ենք իրագործել ճանապարհային քարտեզի աշխատանքները և ամփոփելիս միայն կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանն արդեն այդ համատեքստում։ Հանրային պահանջի լուսաբանողը նաև լրատվամիջոցներն են, այդ պահանջը ներկայացնողներն ընդդիմությունն է, այն առնչվում է նաև քաղաքացիների հետ։ Հիմա, եթե ընդդիմությունը չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի այժմ գա ու քննարկում ունենա արտահերթ ընտրությունների շուրջ, դա նշանակում է, որ նրանք առնվազն այդ ազդակը չեն ստանում։ Եթե ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում են մի քանի հազար քաղաքացիներ, և իրենք գտնում են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ուրեմն՝ դա ձևակերպվում է նաև այդպես»,- հավելեց Լիլիթ Մակունցը։
Նա տեղեկացրեց, որ «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ ընտրությունների մասնակցելու վերաբերյալ, չի քննարկվել. «Մեր որոշումները որևէ կերպ վախենալու կոնտեքստում չի կարող լինել, որովհետև մեր կողմից է հնչել արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը։ Հետևաբար, եթե կան ուժեր, որոնք ընկրկում են արտահերթ ընտրություններին, ապա նրանց պետք է ուղղել այդ հարցը»,- շեշտեց Լիլիթ Մակունցը։