Պն համակարգից քանի՞ ծառայող սպա է դիմել ռազմաճակատ մեկնելու համար. Մայորը՝ իր հանդեպ կատարված անարդարության ու պատերազմի դաշտում տիրող վիճակի մասին

Մայոր Սերոբ Գրիգորյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր հանդեպ ՊՆ-ի կողմից գործված ապօրինություններին:

«Հանդիսանալով Արմավիրի զինկոմի զորահավաքային սպա՝ պատերազմի ժամանակ դիմել եմ իմ վերադասին, որպեսզի թույլ տան մեկնել՝ մասնակցելու մարտական գործողություններին, ինձ ասել են՝ սպասի, կորոշենք, կասենք: Ես չեմ սպասել, զեկուցագիր եմ գրել, որ ինձ շտապ ուղարկեն՝ մասնակցելու մարտական գործողությունների: Զեկուցագիրը գրել եմ հոկտեմբերի 3-ին, ամսի 9-ին  իմ վերադաս ղեկավար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ հրամանատարությունը թույլ է տվել և ասել է, որ կամավորական վաշտ կազմավորելու դեպքում, որպես վաշտի հրամանատար՝ մեկնելու եմ մարտական գործողությունների վայր: Հոկտեմբերի 11-ին իմ ղեկավարը զանգել է ինձ, ասել, որ արդեն կամավորական վաշտը պատրաստ է, եթե ցանկություն ունես որպես վաշտի հրամանատար մեկնելու՝ կարող ես գնալ: Կես ժամում հասել եմ, իրենց ասելով՝ կամավորական վաշտն արդեն պատրաստ  էր, և տեղեկացրել են, որ նշանակված եմ վաշտի հրամանատարի տեղակալ: Մեկ օր Հոկտեմբերյանում մնալուց հետո մեզ գիշերով տարել են անծանոթ վայր, որը, հետագայում պարզվեց՝ Ջաբրայիլի մոտ է»,- պատմեց սպան՝ նշելով, որ այնտեղ մնացել են 5-6 օր, ապա ստացել են նահանջելու հրաման:

«Իջել ենք, որևէ մեկը մեզ չի դիմավորել: Գնացել եմ Զինկոմ, պարզվել է, որ ինձ ուղարկում են ռազմաճակատ՝ որպես զորահավաքի սպա: Վիճել եմ իմ վերադասի հետ, հետո պարզվեց, որ ամսի 20-ին ծառայողական անհամապատասխանության մասին գրություն է ուղարկում հանրապետական զինկոմ, որ ես չեմ համապատասխանում իմ ծառայությանը: Այս մասին ես տեղյակ չեմ եղել ու իմացել եմ դեկտեմբերին: Դիմել եմ ՊՆ և զինկոմ, որևէ մեկը պատասխան չունի: 1.5 ամիս է՝ դիմել եմ ՊՆ, ոչ մի արձագանք չկա, ոչ մեկը չի ընդունում: Քանի որ գնդապետ Խաչատրյանը չի ուզում, որ իր մոտ ծառայեմ, վերջ, ուրեմն չպետք է ծառայեմ, իսկ թե ինչո՞ւ չի ցանկանում՝ ես չգիտեմ: Դիմում եմ ՀՀ Պաշտպանության նախարարին՝ Պն համակարգից քանի՞ ծառայող սպա է դիմել ռազմաճակատ մեկնելու համար, չի նայել իր հաստիքի ցածրացմանը, գնացել լեյտենանտի գործի վրա՝ վաշտի հրամանատարի տեղակալ: Դիմում եմ նաև Զինկոմի գլխավորին. պարո՛ն գնդապետ, հանրապետական Զինկոմից քանի՞ սպա է դիմել՝ կամավոր մարտական գործողությունների մեկնելու համար: Դուք լավ գիտեք՝ երկու կամ երեք, որոնցից 2-ը՝ գնդապետ, իսկ 3-րդը ես եմ եղել»,- հավելեց նա:

Սպան նշեց, որ ծառայողական անհամապատասխանության մասին տեղյակ չի եղել, չի կարողացել պահանջել անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու, թե իր մեղքը որն է:

Երբ տեղյակ է եղել, ասել են՝ չես կարող, դու Զինկոմի ծառայող չես:

«Սա չեմ կարող, նա չեմ կարող: Գնա նստի տունը, սպասի: Իմ ծառայողական անհամապատասխանության մեջ նշված է՝ «զորահավաքային պլանը չկատարելու համար»: Պարո՛ն գլխավոր շտաբի պետ, պարոն նախարար, ամբողջ Հանրապետությունում մայոր Գրիգորյա՞նն եղել է միակ մարդը, որ պատճառ է հանդիսացել բանակի չզորահամալրվելու համար»,- նշեց նա:

Խոսելով պատերազմի դաշտում տիրող իրավիճակի մասին՝ Սերոբ Գրիգորյանն ասաց.

«Այն ուղղությամբ, որ ես եմ եղել 5-6 օր, չի եղել անգամ կրակոց: Մենք թշնամուց 300-500 մետրի վրա կանգնած ենք եղել: Օրվա մեջ կարող է՝ մի 5 սնարյադ մերոնք գցեին իրենց վրա, մի 5 հատ՝ իրենք, ու այդ նահանջ հասկացությունը բոլորի համար անհասկանալի էր: Եթե գոնե մեզնից 10-15 կմ վրա կռիվ լիներ, գոնե այդ ձայները կլսեինք, դա էլ չենք լսել: 60-70 կմ ճանապարհը երբ հետ ենք եկել, չեն դիմավորել: Ընկել վերադաս հրամանատարություն ենք ման եկել, որ իմանանք՝ ինչ պետք է անենք, որը չի եղել: Ամբողջ ճանապարհին տեսել ենք 4 կամ 5 պայթեցված մեքենա: Պատերազմում, իմ կարծիքով, առաջին մի քանի օրը կռվել է 18 տարեկան զինվորը: ՄՈԲ-ն անտերության էր մատնված: Շատ մարդիկ մոտենում, ասում էին՝ պարոն մայոր, մեզ հրամանատարություն արա, թողել, գնացել են»:

Տեսանյութեր

Լրահոս