«Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու․․․»
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ռազմական, թե քաղաքական այն գործիչները, ովքեր զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, փորձում են ինչ-որ կերպ արդարանալ պատերազմում կրած պարտության մեղքն իրենցից հեռացնելով, մեղմ ասած՝ անբարոյականություն է:
Այն, որ գլխավոր մեղավորը և պատասխանատուն հայտնի է, դրա մասին երկու կարծիք դժվար թե լինի: Բայց դա ամենևին չի նշանակում, որ պատասխանատուների և մեղավորների շարքը սկսվում և ավարտվում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձով… Ավելին ասեմ, մեղավոր ու պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ մեր չափով…
Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու, մեղավոր և պատասխանատու է Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, հանձին՝ Գերագույն գլխավոր հրամանատարի, ով հանդուրժում և կատարում էր մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներից անտեղյակ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հրահանգները, մեղավոր ու պատասխանատու են հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարությունն ու զինված ուժերի Գլխավոր շտաբի, զորամիավորումների և միավորումների բոլոր այն հրամանատարներն ու բարձրաստիճան սպաները, ովքեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից, պարտավոր էին ընդունել ինքնրույն և ճիշտ որոշումներ, բայց չընդունեցին և, վերջապես՝ առավել քան մեղավոր ու պատասխանատու է նա, ով այսքանից հետո փորձում է արդարացնել նրան ու նրանց, ով և ովքեր գիտակցաբար, թե անգիտակցաբար մեր Հայրենիքը հասցրին այս ծանրագույն վիճակին…
Հ.Գ. …Այս ծանրագույն վիճակի համար մեղավոր ու պատասխանատու եմ նաև ես, և բոլոր այն պաշտոնաթող գեներալներն ու ռազմական հարուստ կենսափորձ և անառարկելի հեղինակություն ունեցող զորավարները, ովքեր տեսնելով, թե իրականում ինչ է կատարվում երկրի ու բանակի հետ, փորձում էին ինչ-որ բան անել, սակայն չէին կարողանում… Չէին կարողանում, որովհետև ինչ-որ մեկի թեթև ձեռքով օտարված լինելով զինված ուժերից, զրկված էին օրենքով ամրագրված որևէ իրավունքից և պարտականությունից… Բայց… միևնույն է… մեղավոր ենք.. Մեղավոր ենք, քանզի հանդուրժեցինք ոմն մեկին մեզ դարձնել այսպիսին…»։