Բաժիններ՝

«Արդեն 3 օր է՝ որոնողական աշխատանքները դադարեցված են». անհետ կորածների հարազատ

«Մոտ 10 օր է՝ Ֆիզուլի չեն մտել, թույլ չեն տվել, Հադրութը էլի թույլ չեն տվել, միայն մի մասը, Ջաբրայիլ էին միայն մտել, բավականին մեծ տարածություններ կան չնայված»,- 168.amի հետ զրույցում հայտնեց Արցախում գտնվող քաղաքացի Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը և եղբորորդին ևս անհետ կորած են:

«Արդեն 3 օր է՝ որոնողական աշխատանքները դադարեցված են, մինչև այդ էլ մասամբ էր իրականացվում: Օրական՝ մի տարբեր պատճառաբանություն, բերեցին այս վիճակին հասցրեցին: Այսքան ժամանակ մենք հավաքվեցինք, ձայն բարձրացրեցինք, որ մի միջոցներ ձեռնարկեն… Հիմա Երևանից մի գեներալ է եկել՝ վարչապետի կողմից ուղարկված, որ այդ պրոցեսներին մասնակցի, ղեկավարի, բայց ես իրեն էլ ասացի՝ բան չունեմ ասելու, եկել եք, լավ եք արել, բայց շատ եք ուշացել, շատ-շատ եք ուշացել: Թող ժողովուրդը հասկանա, որ այսքան ժամանակ մեզ խաբեցին, ձգեցին, ոչ մի գործողություն չարեցին: Միայն Արցախի ԱԻՆ-ն էր, որ աշխատում էր:  Այդ, որ նշում են՝ 700-800 մարմին են հանել, այդ ամենը Ղարաբաղի ԱԻՆ-ի կատարած գործողությունների շնորհիվ է՝ Սարգսյան Կարենի ղեկավարությամբ: Բայց կոնկրետ Հայաստանից մի այլ տիպի անտարբերություն է այս ամենի նկատմամբ, անգամ մի անգամ չեն զանգել հարցրել, թե ի՞նչ են արել, մեզ էլ չէ, գոնե ղեկավարներին…»:

Արսեն Ղուկասյանը ցավով նշեց, որ անհետ կորածների որոնողական աշխատանքներն այնքան ձգձգվեցին, որ, եթե ողջ մնացած զինվորներ ունեինք, հակառակորդը նրանց էլ է հայտնաբերում և սպանում: Նշեց, որ տելեգրամյան ադրբեջանական ալիքները նոր տեսանյութեր են տարածում, որտեղ սպանվածների մարմինները «թարմ» են:

Արսեն Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե, ե՞րբ է պատրաստվում վերադառնալ Հայաստան և իր բողոքն ու պահանջները ներկայացնել  կառավարության անդամներին, ինչպես օրեր առաջ նման միտք էր հնչեցրել ֆեյսբուքյան ուղիղ եթերում, նա պատասխանեց.

«Առանց իմ հարազատների՝ չեմ գա Երևան, մի տարի էլ լինի, պետք է մնամ՝ իմ ախպորը, ախպորս երեխուն գտնեմ, բերեմ: Մարդկանց հասցրեցին հուսահատության եզրին, ինչի համար պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս