«Նիկոլն ինքնակամ հրաժարական չի տա, բայց իշխանության մնալու զրո շանս ունի». Աղվան Վարդանյան

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու հավանականությանը, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ ժամանակը շատ մոտ է: Նրա խոսքով՝ կան քաղաքական գործընթացներ, որոնք կարճ ժամկետներում հանգեցնելու են գործող իշխանության հեռացմանը:

«Մարդիկ ուշքի են գալու, մարդիկ հասկանալու են այս ողբերգության հետևանքները, մարդիկ գիտակցելու են, որ երկրում պետք է արմատական փոփոխություն, որ հնարավոր լինի վաղվա օրը նշմարել, տեսնել»,- ասաց Վարդանյանը:

Քաղաքական գործիչը վստահություն հայտնեց, որ մեր վաղվա պետական մարմինները, համապատասխան կառույցները պիտի իրականացնեն հետաքննություն, ստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք հրապարակավ կմատնանշեն սխալները։ Աղվան Վարդանյանը վստահ է՝ անգամ հիմա Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, թե ի՞նչ վիճակում ենք մենք:

«Նա ինքնակամ հրաժարական չի տա, գրեթե 100 տոկոսով համոզված եմ, բայց այն, ինչ կատարվել է Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի հետ, վստահ եմ, որ նա իշխանության մնալու զրո շանս ունի, հասարակությունը, քաղաքական ուժերը կարողանալու են կազմակերպվել, համախմբվել ու նրան հեռացնել իշխանությունից»։

Վարդանյանը հույս ունի, որ «Իմ քայլը» խմբակցությունից շատերը կգիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռահար ծրագրերը փուչ են:

«Որ Նիկոլը գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան, ինչքան շուտ դա կլինի, այնքան մենք ավելի մեծ շանս կունենանք՝ աշխատանքով երկիրը, հասարակությունը դուրս բերել այս վիճակից»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս