«Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ». գերեվարվածի կին

«Երկար սպասված զանգը ստացա Կարմիր Խաչից. Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ է»,- 168.amի հետ զրույցում ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված Դավիթ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը:

«Կարմիր Խաչից ասացին՝ այցելություն, հաղորդագրություն, մնացած ամեն ինչը մեր աշխատողներն ընթացքում կանեն, ուղղակի, որ Ադրբեջանը հաստատել է, զանգեցին միանգամից ասացին»,- ասաց Դավիթի կինը:

Ժաննան փոխանցեց մեզ նաև, որ Կարմիր Խաչի աշխատակիցները դեռ չեն այցելել ամուսնուն, բայց ասել են, որ այցելելու են.

«Ադրբեջանը նույնականացրել է, որ այո, Դավիթ Իսահակյանը մեզ մոտ է, ողջ-առողջ է: Մնացածն ասացին՝ ի՞նչ եք ուզում՝ նամակի տեսքով փոխանցենք կամ տեսագրություն: Ես ասացի՝ բոլորը, ինչ որ հնարավոր է, թե տեսաձայնագրություն, թե նամակ: Ասացի՝ ամուսնուս փոխանցեն, որ մենք գիտենք, որ ինքն այնտեղ է, և  ամեն ինչ անում ենք իրեն հետ բերելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք անչափահաս երեխաների հայր, 40-ամյա Դավիթ Իսահակյանը պատերազմական օրերին Երևան տեղափոխված և իրենց հարևանությամբ բնակվող  տարեց ամուսիններին իրենց իսկ խնդրանքով, նոյեմբերի 11-ին տանում էր Մարտունու Գիշի գյուղ, սակայն Արցախ հասնելուց որոշ ժամանակ անց կապն ընդհատվել էր նրա հետ: Ավելի ուշ ընկերները նրան տեսել էին ֆեյսբուքյան ադրբեջանական էջերից մեկում՝ գերեվարվածի կարգավիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30