Սեյրան Սարոյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակում կա դրական դինամիկա: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Նա նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում տարբեր լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները, թե Գերմանիայից մասնագետների խումբ է ժամանում Երևան Սեյրան Սարոյանին տեղափոխելու համար. Սեյրան Սարոյանը շարունակում է մնալ «Իզմիրլյան» կենտրոնի բժիշկների հսկողության ներքո:
«Ինքը նախկինում մի քանի անգամ Գերմանիա մեկնել էր, հիմա նույնպես պատրաստվում է մեկնել Գերմանիա»,- ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը:
Հարցին՝ արդյո՞ք առողջական վիճակում դինամիկա կա, Արմեն Չարչյանը պատասխանեց. «Շատ մեծ դրական դինամիկա կա դեպի լավը»:
Հիշեցնենք՝ 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը հաջորդ օրը հայտնել էր, որ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը բավարար է. «Երեկոյան ուշ ժամի տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կատարվել է վիրահատական միջամտություն: Այժմ վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների հսկողության ներքո է: Պրոցեսն ամբողջովին վերահսկվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից»։