Ազգային ոգին մսխելը մեծագույն հանցագործություն էր

Ընդդիմությունն այսօր բողոքում է հանրահավաքների սակավամարդությունից; Սակայն սա բնական երևույթ է, որը ծրագրավորվել էր դեռևս 2,5 տարի առաջ։

2018թ․ մենք տեսանք Հայաստանում ամենաբազմամարդ հանրահավաքները՝ սկսած 1988-91թթ․։ Խնդիրն այն է, որ հանրային բարձր ակտիվությունը, որը տվյալ դեպքում արտահայտվում էր հանրահավաքային ակտիվությամբ, ունենում է լուրջ «կումուլյացիոն» ժամանակ՝ շրջան, որի ընթացքում դժգոհությունը կամ ոգևորությունը կուտակվում է և դուրս է ժայթքում։ Դա չի լինում ամեն օր կամ ամեն տարի, դրա համար տասնամյակներ են պետք։ Կարող ենք բացատրել 2018թ․ հանրահավաքների բազմամարդությունը «սորոսական» տեխնոլոգիաներով, օլիգարխների փողով բերած մարդկանցով, այլ կոնսպիրոլոգիական գործոններով, բայց փաստն այն է, որ 2018թ․տեղի ունեցավ կուտակված հանրային էներգիայի հզոր ժայթքում։

Լև Գումիլյովը այս ֆենոմենը կոչում է պասիոնար պայթյուն, այլք անվանում է ազգային ոգի, համազգային միասնություն և այլ տերմիններով, սակայն շատ կարևոր է այն փաստը, որ նման պոռթկումն ազգային հարստության կարևոր մաս է, որը ժամանակի ընթացքում կուտակվում է հյուլե առ հյուլե, և նրա ճիշտ կառավարումը երկրի ու ազգի համար ունի կարևորագույն նշանակություն։

Շատ կարևոր են այդ պոռթկման ժամանակ դրված կոդերը։ 1988թ․ դրված կոդն էր․ «Ղարաբաղը մերն է», և այս դրական կոդն էր, որ ապահովեց ժողովրդի միասնությունն  ու հաղթանակը։ 30 տարի անց՝  2018թ․ հիմնական կոդը՝ «Մերժիր Սերժին», բացասական էր դեստրուկտիվ, և դա լուրջ պրոբլեմ էր Հայստանում դրական փոփոխությունների համար։

Բայց Փաշինյանի ամենամեծ հանցագործությունը կուտակված պասիոնար պայթյունն անիմաստ ու աննպատակ ծախսելն էր։ Ակնհայտ էր, որ 2018թ․ ոգևորությունը չի կարող կրկնվել օբյեկտիվ՝ զուտ այս նշված քաղաքագիտական կամ սոցիոլոգիական պատճառներով։ Կուտակված լիցքը միայն Նիկոլին իշխանության բերելու համար ծառայեցնելը չափազանց փոքր, չնչին նպատակ էր՝ ազգային այդ հսկայական հարստությունը ծախսելու համար։ Ըստ էության, այդ լիցքը հողակցվեց, պարպվեց։

Բացի նրանից, որ տասնամյակներով կուտակված էներգիան չծառայեց զարգացմանը, այդ էներգիայի պարպումը հիմք ստեղծեց նաև Նիկոլի իշխանության հարատևման համար։ Նիկոլի իր իշխանության համար 20, 30, 50 տարվա պլաններ էր գծում։ Ակնհայտ է, որ նա հետագա բոլոր ընտրությունները կեղծելու էր, միաժամանակ շատ լավ հասկանում էր, որ պարպել է ժողովրդի պասիոնարությունը, հանրահավաքների  պոտենցիալը (ի դեպ, շատ լավ հասկանալով իրավիճակը, ինքն էլ հանրահավաքներ չէր անում), հույս ուներ, որ այլ մեթոդներ չեն մնում իրեն իշխանությունից հեռացնելու։

Իհարկե, պատերազմը փոխեց իրավիճակը։ Շատերն են զարմանում, թե ակնհայտ կապիտուլյացիան ինչո՞ւ ոտքի չի հանել լայն զանգվածների, ինչո՞ւ հանրահավաքները շատ ավելի բազմամարդ չեն։ Սակայն այսօր Հայստանում ողբ է, համատարած սուգ։ Շուտով այն կփոխարինվի ապատիայով ու արտագաղթով, իսկ ապատիկ վիճակից լուծումը լինելու է ցասման ալիքով։

Միաժամանակ, Նիկոլի ակնհայտ անկարողությունը կամ դավաճանությունը (բացարձակ էական չի արդեն, թե որն է ճշմարտությունը) բերեց նրա բացարձակ դելիգիտամացիային, հիմա նա որևէ բարոյական կամ քաղաքական հիմք չունի Հայաստանը կառավարելու, կամ Հայաստանը ներկայացնելու։ Նա քաղաքական դիակ է, պարզապես մնում է նրան աթոռից պոկելու զուտ մեխանիկական պրոցեսը, որը, իհարկե, լուծվելու է մի քանի օրերի ընթացքում։ Լուծումը, թերևս, կլինի աշխարհաքաղաքական տեկտոնիկայի կամ ներիշխանական շարժերի միջոցով, սակայն հանրահավաքային շարժումը լինելու է այս պրոցեսի կարևոր ֆոնային բաղադրիչը։

Շատ կարևոր է հանրահավաքների, ինչպես նաև մեդիայի դերը հանրային ցասման կառավարման գործում։ Ցասումն իր մեջ պարունակում է հսկայական էներգետիկա, որին անհրաժեշտ է դրական ուղղություն տալ, պետք են դրական կոդեր, որոնք այսօր արդեն «Նիկոլ, դավաճանի» կողքին կսկսեն հնչել հանրահավաքում, իսկ վաղը՝ Նիկոլի մեխանիկական հեռացումից հետո կդառնան դոմինանտ։ Այստեղ պարփակված է Հայաստանի զարգացման պոտենցիալը։

Վաղվա զարգացման հիմքերն արդեն այսօր են դրվում։ Պետք չէ սպասել Նիկոլի հեռացմանը, նոր կառավարության ձևավորմանը, բանակցությունների նոր շարքին, նոր ընտրություններին, և այլն։ Արդեն հիմա պետք է նախանշել և արտաբերել զարգացման խնդիրները, այլապես ծանրագույն անվտանգային ու սոցիալական խնդիրների բեռի տակ կարող ենք կորցնել ապագայի տեսլականը։ Անհրաժեշտ է առնվազն գիտակցել ու հայտարարել զարգացման լոզունգը։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս