«Համազգային գործադուլ է պետք. Եթե պետական կյանքը մեկ-երկու օր կանգնեց՝ Փաշինյանը վազելով է հեռանալու». Գևորգ Պետրոսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ Սահմանադրության, պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը, ուստի հիմա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնահարվում է Սահմանադրությունը, նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել այդ նույն Սահմանադրության պահպանությամբ, ուստի նրա երեկվա ուղերձը ես պաշտպանում և կիսում եմ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի երեկ ուշ երեկոյան հղած ուղերձին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Առաջին անգամ նախագահն իր վարքագծով հարգանք հարուցեց, ես հիմա կիսում եմ իր տեսակետը։ Ողջունում են նախագահի հայտարարությունը, նրա ուղերձով որևէ օրենք չի խախտվել, ավելին՝ նա դեռ ավելին կարող է անել, որը դեռ պետք է անի»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին բացի նախագահից՝ նաև Ազգային ժողովի արձագանքին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, ի տարբերություն նախագահի՝ քաղաքական մեծամասնությունն իրականությունից կտրված է, օրինակ, այսօր խորհրդարանում քննարկում է օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստեղծված իրավիճակի և մեր իրականության հետ կապ չունեն։
«Մենք պնդում ենք, որ թուրքը եկել Հայաստանին է արդեն սպառնում, նրանք եկել քրեական օրենսգրքի հարցեր են քննարկում։ Արցախից հարյուր-հազարավոր մարդիկ եկել են Հայաստան ու ապրելու տեղ չունեն, վարչապետն էլ ընկել է ընդդիմադիրների է ձերբակալում, փոխարենը լուծի տնտեսական հարցերը, փոխարենը բանակցի Ռուսաստանի հետ, որպեսզի Լաչինի միջանցքի հարցը լուծվի։ Փաշինյանը միակ ղեկավարն է, որը այս ամենը չանելուց զատ՝ նաև հայ զինվորին հանում է հայ հանրության դեմ։ Իմ որդին մի քանի օր առաջ դիրքերում էր, բայց չէ՞ որ Փաշինյանի վրեժի կոչը նաև իմ որդուն էր ուղղված, ստացվում է՝ Փաշինյանն իմ որդուն հանում է իմ դեմ։ Սա սահմանադրական կարգի տապալում է՝ Փաշինյանի՝ արդեն չորրորդ դեպքը»,- ասաց պատգամավորը։
Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ երկրում տիրում է անիշխանություն, վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի լինելիությունը, ուստի հենց այս հաջորդ աղետը կանխելու համար է, որ իրենք սատարում են ընդդիմադիր 16 կուսակցություններին, որոնք այսօր հազարավոր քաղաքացիների հետ դուրս են եկել փողոց և պահանջում են Արցախը կապիտուլյացրած պաշտոնյայի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում ընդդիմադիրներին հարց ուղղեց՝ եթե ձեզ այդքան շատ մարդ է սատարում, ինչո՞ւ այդքան շատ մարդը չի երևում հանրահավաքի վայրում, Գևորգ Պետրոսյանն ասաց.
«Ռուբեն Ռուբիինյանը, եթե կարծում է, որ հարգանք ունի, թող փորձ անի դուրս գա ժողովրդի մեջ, տեսեք, թե նրա վիճակն ինչ է լինելու, հրավիրում եմ Ռուբինյանին, թող վաղը գա Ազատության հրապարակ, եթե ժողովրդի պատգամավորն է»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ ընդդիմության հանահավաքին չեն միանում 2018 թվականի ընտրություններին ԲՀԿ-ին քվե տված 100 հազար քաղաքացին, ինչո՞ւ այդ 100 հազարը չեն գալիս հրապարակ ու հանրահավաքները դարձնում բազմամարդ, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.
«Քանի որ գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ արգելվում են հանրահավաքները, մենք կոչով չենք դիմել»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ ինքնաբուխ չեն եկել՝ Պետրոսյանը պատասխանեց.
«Եթե քեզ 100 հազար մարդ ձայն է տվել, էնպես չէ, որ հենց այդքանն էլ պետք է գան ներկա լինեն հանրահավաքին, բայց միևնույն ժամանակ, երբ ռազմական դրությունը կվերացվի, երբ Գագիկ Ծառուկյանն ու ընդդիմադիրները կհայտարարեն հանրահավաքի մասին, այն ժամանակ կտեսնենք, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է խոսք տա, որ չի արգելափակելու Երևան մտնող փողոցները։ Ես գտնում եմ, որ այս ժողովրդական ընդվզումն ավելանալու է։ Ես, որպես անցնցում իշխանափոխության տարբերակ՝ առաջարկում եմ համազգային գործադուլ. դա պետք է անեն քաղաքացիական և համայնքային ծառայողները։ Պետք է գործադուլ անել, որովհետև եթե պետական կյանքը մեկ-երկու օր կանգնեց, Փաշինյանը վազելով է հեռանալու»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում