«Դավաճան Նիկոլի ոստիկաններն են, դավաճաններն են». Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց

Քիչ առաջ ոստիկանությունը ԿԳՄՍ նախարարության շենքի բակից բերման ենթարկեց ԵՊՀ Ուսանողների հետ  աշխատանքներ համակարգող կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին:

Վարագյանը երեկ ֆեյբուքյան իր էջում գրառմամբ հորդորել էր ուսանողներին ու դասախոսներին  այսօր 14:00-ին միանալ իրեն ԿԳՄՍ նախարարության բակում:

«Արայիկ Հարությունյանը պետք է դուրս գա իր տաք կաբինետից ու պատասխանի հարցին՝ արդյո՞ք կողմ է Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթին: Սուպեռ նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչո՞ւ ձայն-ծպտուն չի հանում:

Իսկ եթե դեմ է, ինչո՞ւ է նախարար, ինչո՞ւ հրաժարական չի տալիս»,- գրել էր Վ. Վարագյանը:

Ու արդեն ԿԳՄՍ նախարարության բակում հայտնվելուց մի քանի րոպե անց ոստիկանները Վարագյանին բերման ենթարկեցին:

Վարագյանին ուղղված հարցին, թե ինչո՞ւ են իրեն բերման ենթարկում, Վարագյանն արձագանքեց.

«Դավաճան Նիկոլի ոստիկաններն են, դավաճաններն են»:

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ են Վահագն Վարագյանին բերման ենթարկել:

«Մենք եկել էինք ընդամենը հարց տալու կրթության նախարարին, ակցիա չէինք իրականացնում, ինչպես պարոն Վարագյանը ձերբակալվելու պահին հայտնեց, որ ակցիա չէինք իրականացնում, ինքը ոչինչ չի կազմակերպել, ինքը ընդամենը եկել ա հարց տալու: Ինչ-որ պարզաբանեցին, որ իբր հավաք իրականացնելու համար, բայց երևի հավաքված մարդկանց քանակը տեսնում եք ու պատկերացնում եք՝ եթե էս օրերին որոշում լիներ հավաք անցկացնել, ինչքան մարդ էստեղ կլիներ»,- ասաց Էդվարդ Գալստյանը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության բակում մոտ 10 քաղաքացի էր հավաքված: Նրանցից մի քանիսին ևս ոստիկանները բերման ենթարկեցին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս