«Եթե փորձի Զինված ուժերին ներգրավել, ԶՈւ-երը կգան և կմիանան մեզ, կխոսեն Փաշինյանի դեմ». Վանեցյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կայացրած որոշմամբ մերժվեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։
Որոշումը հրապարակելուց հետո Արթուր Վանեցյանը միացավ «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներին և լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչու էր հրավիրվել ԱԱԾ։
«Ես ԱԱԾ հրավիրվել էի այս հանրահավաքին զուգընթաց, որպեսզի կասեցվի իմ մասնակցությունը հանրահավաքին։ Սա հստակ քաղաքական պատվեր է իրականացվում, ցավոք, իրավապահ մարմինները քաղաքական պատվեր են իրականացնում, ես հատկապես ցավում եմ ԱԱԾ-ի համար։ Նիկոլ Փաշինյանը վերջին 46-47 օրերի ընթացքում իր բոլոր քայլերն ուղղել է մեկ նպատակի՝ իշխանությունը պահպանելու։ Քրեական գործերի շարունակությունը, հնարավոր է, լինի նույն տրամաբանության մեջ, բայց իշխանություն այլևս գոյություն չունի: Ցավոք, Հայաստանում այլևս իշխանություն չկա։ Նիկոլ Փաշինյանը հույսն այլևս չի դնում իրավապահ համակարգի վրա, այլ արդեն իսկ ձևավորում է հրոսակախմբեր, որոնցով փորձում է սանձել քաղաքական ընդդիմախոսներին։ Բայց որևէ մեկը չփորձի ժողովրդի ազատ կամքի արտահայտությանը բռնանալ կրիմինալի միջոցով։ Ողջ կյանքս պայքարել եմ կրիմինալի դեմ, գիտեմ կրիմինալի դեմ պայքարի ձևերը և միջոցները, ուստի կոչ եմ անում ողջ իրավապահ համակարգին՝ ձեռնարկել միջոցներ՝ նման զարգացումներ թույլ չտալու համար։ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելն իրավապահների սուրբ պարտականությունն է»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ ռազմական դրության պայմաներում Կառավարությունն ունի բոլոր լիազորությունները Զինված ուժերին օգտագործելու համար, Արթուր Վանեցյանը հակադարձեց. «Թող փորձի, և կտեսնենք։ Կլինի այն, որ ԶՈւ-ն կգա և կմիանա մեզ ու կպայքարի Փաշինյանի դեմ, մեկ վայրկյան դրանում կասկած չունեմ։ Զինված ուժերը փայլուն կատարել են իրենց առջև դրված խնդիրը, սակայն Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, անհեռատես ու ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում, ի սկզբանե դավաճանական պայմանագիր ստորագրելու արդյունքում, այսօր թիրախավորվում են բոլորը»։
Ինչ վերաբերում է իրեն վերագրվող մեղադրանքին, որ պատրաստվում էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի մահափորձի, Արթուր Վանեցյանը մեկ բառով ասաց. «Դա հեքիաթ է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում