«Սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ  գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։

Այս գրառումից հետո, սոցցանցերում կարծիքներ և պնդումներ սկսեցին շրջանառվել, որ գրառման հեղինակը Արցախի նախագահի խոսնակը չէ, որ նրա էջը կոտրել են:

Սակայն 168.am-ի հետ զրույցում  Վահրամ Պողոսյանն ասել էր, որ էջը չեն կոտրել և գրառումն էլ ինքն է կատարել։

168.am-ը զրուցեց այս թեմայի հետ կապված զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, այս պահին Շուշիում ի՞նչ իրավիճակ  է։

– Այն, ինչ գրել է Վահրամ Պողոսյանը և այն, ինչ գրել եմ ես, երկուսն էլ ճշմարտություն է և համապատասխանում են իրականությանը։ Շուշին թատերաբեմ է, ես ասել եմ, չէ՞, Ձեզ, չեմ խաբել, չէ՞։ Իսկ «թատերաբեմ» նշանակում է, որ այնտեղ ընթանում են մարտեր, կապ չունի՝ ինչ մարտեր, ինչ է աշխատում։ Հիմա թշնամին կարողացել է մտնել ու տիրանալ, սակայն սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում։

– Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ չէ։

– Այո, շատ ցավալի է, սա ամենավատ օրն է իմ կյանքի, բայց այդպես է, և ոչ միայն իմ, այլև նրանց, ովքեր այստեղ են, դրսում են։

– Իսկ եթե ռազմական գործողություններն ընթանում են և ամեն ինչ կորած չէ, ինչո՞ւ է Վահրամ Պողոսյանը նման գրառում կատարում։

– Ի՞նչ անենք, խաբե՞նք ժողովրդին, ժողովուրդը պետք է հասկանա այս ամենի կարևորությունը, Ստեփանակերտի ճակատագիրը պետք է փրկենք։ Ի՞նչ անենք, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք, ուզում եք ասենք՝ Բաքուն էլ է մերը։ Իրականությունը չպետք է աղավաղենք, կենացներով չպետք է խաբենք ու ժողովուրդը չիմանա՝ ինչ է  անելու։ Ստեփանակերտը կանգնած է։

Տեսանյութեր

Լրահոս