«Շուշին պատերազմի թատերաբեմ է, կարելի է ասել՝ մարտի դաշտ». Դավիթ Բաբայան
Արցախում իրավիճակը շարունակում է նույնը մնալ, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Շուշին պատերազմի թատերաբեմ է, կարելի է ասել՝ մարտի դաշտ, իսկ Ստեփանակերտը հրթիռակոծվում է, հերթական անգամ րոպեներ առաջ է հրթիռակոծվել։ Մերոնք 1-2 անօդաչու թռչող սարք են հարվածել։ Այսինքն՝ ընդհանուր իրավիճակն այսպես է՝ ընթանում են ակտիվ պատերազմական գործողություններ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի տարածած կեղծ տեղեկատվությանը, թե Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, և դրա թողած ազդեցությանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ալիևի այդ քարոզչությունը նախ սեփական բնակչությանը գոտեպնդելու և հայկական կողմին ընկճելու համար է։
«Մենք այսօր պատերազմի մեջ ենք, պատերազմի գոտում, հետևաբար՝ նրա այդ կեղծ քարոզչությունը հայկական կողմի վրա որևէ ազդեցություն չի թողնում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։