Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին
Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղի է ունեցել հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրիի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում:
Ավելի քան 4 տոննա կշռող պատվանդանի և հիմքի հետ միասին 3,5 մետր բարձրությամբ կիսանդրու հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, պրոֆեսոր Սալավատ Շերբակովն է:
Նկարչի կիսանդրին տեղադրվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի ուղեւորատար տերմինալի դիմաց:
«Սիմֆերոպոլի օդանավակայանը մեր մեծ հայրենակից, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվան շնորհումը մեզ վրա լրացուցիչ պատասխանատվություն էր դրել ոչ միայն որակապես սպասարկել մեր ուղեւորներին, այլեւ ծանոթացնել Ղրիմ ժամանող հյուրերին նրա ստեղծագործությանը: Այսօր, կարծում եմ, մեզ համար շատ նշանակալի օր է այս հայեցակարգի զարգացման շարունակության համար»,- բացման արարողության ժամանակ ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինը: