Բաժիններ՝

Սևանում լույս աշխարհ է եկել արցախցի Արենը

Սեւանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել արցախցի հերթական երեխան՝ Արեն Ռաֆայելի Մելքումյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքից, ծննդաբերությունն անցել է բարեհաջող, Արենը ծնվել է առողջ, 3 900 գրամ քաշով եւ 55 սանտիմետր հասակով։ Արենի մայրը՝ Նինելը եւ հայրը՝ Ռաֆայելը բնակվում են Արցախի Մարտակերտ քաղաքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նինել Մելքումյանը նշեց, որ Արցախում պատերազմը սկսվելուց անմիջապես հետո իրենք ընտանիքով հարկադրված տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին բնակավայր՝ հյուրընկալվելով իրենց բարեկամի տանը, իսկ ամուսինը՝ Ռաֆայելը եւ նրա երկու եղբայրներ Դավիթն ու Մհերը Արցախում մասնակցում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

«Ամուսինս պայմանագրային զինծառայող է՝ սպա։ Մեր առաջնեկն աղջիկ է՝ երկուսուկես տարեկան։ Արենը դարձավ երկրորդը՝ այս դժվարին օրերին մեզ նոր հույս ու հավատ ներշնչելով։ Մեզ հետ այժմ Հայաստանում են սկեսուրս ու ամուսնուս երկու քույրերը։ Այստեղ մեզ շրջապատել են հոգատարությամբ, իսկ մենք անհամբեր սպասում ենք բաղձալի հաղթանակին ու խաղաղությանը, որպեսզի ետ վերադառնանք մեր տուն, ապրենք մեր լիարժեք կյանքով, մեր սուրբ հողի վրա»,- նշեց Նինել Մելքումյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս