ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի
ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր: Այս բազմակողմ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին` միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել մեզ համար Սերբիայի տնտեսական տարածքում առևտրի ավելի բարենպաստ պայմաններ: Ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է նաև այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի:
«Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները կունենան ընթացք և շոշափելի առաջընթաց»,- նշեց նախարարը:
2021 թվականին նախատեսվում է սկսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները: