ԿԲ-ն և ՀՀ-ում գործող ֆինանսական ինստիտուտներն իրենց ունեցած գործիքակազմով կչեզոքացնեն ֆինանսական կայունության վրա գնաճի ազդեցությունը. Տնտեսագետ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2020թ. հոկտեմբերը 2019թ. հոկտեմբերի նկատմամբ, կազմել է 1.3%: 2020 թ. առաջին 10 ամիսներին՝ հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0.9 % գնաճ:
2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով: Գնաճը, ըստ ՎԿ-ի՝ հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի՝ 0.9-9.8% գնաճով:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց՝ գնաճը սպասելի էր և օբյեկտիվ՝պայմանավորված պատերազմական իրավիճակով ու համավարակով:
«Հենց կապված Արցախի Հանրապետության բնակչության այստեղ գտնվելու հետ և հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ երկիր չէ՝ այս տեղաշարժը, բնականաբար, առաջացրել է տվյալ ապրանքատեսակների պահանջարկի մեծացում: Եթե տեղի է ունեցել պահանջարկի մեծացում, գնաճի երևույթ պետք է նկատվի: Այս գնաճը համարում եմ օբյեկտիվ երևույթ»:
Ըստ տնտեսագետի՝ ֆինանսական կայունության տեսանկյունից գնաճը գուցե ունենա որոշակի բացասական ազդեցություն, սակայն համոզված է՝ Կենտրոնական բանկը կարողանում է ֆինանսական կայունություն ապահովել. «Դա հաջողվում է՝ ի դեմս պետական ֆինանսական կառավարիչների:
Դրա մասին կարելի է խոսել այն կտրվածքով ու չափով, որքանով որ մեր փոխանակային կուրսը մեծ տատանումներ չունի: Սա արդեն իսկ նշանակում է ֆիմանսական կայունության ապահովման վիճակ»:
«Գնաճը կունենա որոշակի բացասական ազդեցություն, բայց ես կարծում եմ՝ ԿԲ-ն և ՀՀ-ում գործող ֆինանսական ինստիտուտներն իրենց ունեցած գործիքակազմով մաքսիմալ կչեզոքացնեն ֆինանսական կայունության վրա այդ ազդեցությունը»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը: