Գիշերը Մեծ Մասրիկում ձայներ, կրակոցներ լսվել են, բայց անհանգստացնող չեն եղել. համայնքի ղեկավար

Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ժամը 20:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի չորս անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցվել Գեղարքունիքի մարզում: Հայտարարությունների համաձայն՝ հակառակորդի առաջին ԱԹՍ-ն ՀՕՊ ստորաբաժանումները   20:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում էին խոցել: Երկրորդ և երրորդ ԱԹՍ-ները՝ համապատասխանաբար՝ 20:15-ի և 21:00-ի սահմաններում, խոցվել էին Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում, իսկ չորրորդ ԱԹՍ-ն խոցվել էր Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղն այն համայնքն է, որտեղ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի հրետակոծությունների հետևանքով երկու քաղաքացիական անձ էր զոհվել: Մեկ քաղաքացին տեղում էր մահացել, մյուսը՝ ստացել էր ծանր վիրավորում, ապա մահացել էր հիվանդանոցում:

168.am-ն առավոտյան զրուցեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի հետ, որը վստահեցրեց, որ այս պահին գյուղում խուճապ բնավ չկա:

«Շատ լավ է, ոչ մի խուճապ չկա, ամեն մարդ իրա գործին, բանին, իրա տան-տեղին»,- ասաց Արմեն Ասատրյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գուցե կարելի է  ինչ-որ չափով համաձայնել տարածվող այն կարծիքների հետ, թե համայնքի բնակիչների համար սա սովորական է դարձել՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը, բայց, ինչպես նշեց Արմեն Ասատրյանը, դա այնքան էլ  միանշանակ չէ։ Այդուհանդերձ համայնքի ղեկավարը հարկ համարեց մեկ անգամ ևս ընդգծել, որ համայնքի բնակիչները շարունակում են զբաղվել իրենց առօրյա գործերով։

«Նորմալ ա, ամեն մարդ իրա բանին-գործին ա, իրա դաշտին ա, իրա անասնապահությանն ա: Աշնանային գյուղատնտեսական աշխատանքներն են իրականացնում»,- ասաց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ղեկավարը:

Հարցին, թե արդյո՞ք գիշերը համայնքում ձայներ, կրակոցներ լսվել են, պատասխանեց.

«Այո, բա ո՞նց չեն լսվել»,:

Բայց դրանք անհանգստացնող չեն եղել, նշեց համայնքի ղեկավարը:

«Սովորել ենք»,- ասաց Արմեն Ասատրյանը:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ երեկվա իրադարձությունների հետևանքով Մեծ Մասրիկ համայնքը բացարձակ ոչ մի վնաս չի կրել:

Տեսանյութեր

Լրահոս