Հակառակորդի հրետակոծության հետևանքով Դավիթ Բեկ գյուղում վնասվել են գերեզմանոցի խաչքարները
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վնասվել են տներն ու գերեզմանոցի խաչքարները: Այս մասին տեղեկացանք «Զինուժ մեդիա»-ի պատրաստած ռեպորտաժից:
Թշնամու սանձազերծած գործողությունների արդյունքում բազմաթիվ տներ ավերվել են, կան ավերածություններ, 1 զոհ և 2 վիրավոր: Զոհված անձն այդ պահին եղել է մեքենայի ղեկին, վիրավորներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
«Բոլորը նույն մեքենայի մեջ էին: Վիրավորներից մեկը կամավորական էր, խրամատից նոր էր վերադարձել, գնում էր հանգստանալու: Մեքենայում կար նաև մի կին, որը նույնպես վիրավորվել է»,- նշեց բնակիչներից մեկը:
Մեկ այլ ականատես էլ ընդգծեց, որ իրենց գյուղի բնակիչները դեռ 1992 թվականից սկսած այնքան փորձ ունեն, որ հիմա էլ նույն ոգով պահում են սահմանը: Հակառակորդը ռազմական սանձարձակ գործողությունների ժամանակ հերտակոծության տակ է պահել ոչ միայն խաղաղ բնակավայրը, այլև գյուղի գերեզմանոցը: Այնտեղ ավերվել են խաչքար-տապանաքարեր, ինչպես նաև այրվել է գերեզմանոցի մի զգալի հատվածը:
«Գյուղում մարդկանց տրամադրությունը մարտական է, վստահ ենք, որ հաղթելու ենք»,- ասաց Դավիթ Բեկի բնակիչներից մեկը: