«Բացի ֆորմալ նամակներից, առաջին իսկ օրվանից գոյություն ունի գործընթաց, որն էական ազդեցություն է ունեցել». Ալեն Սիմոնյան

«Շատ բաներ այսօր բարձրաձայնել ճիշտ չէ իմ կողմից և շատ բաների մասին խոսելը ճիշտ չէ։ Միայն մեկ բան կասեմ՝ այն ամենը, ինչը որ տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ, ավելի քան բավարար է։ Հայկական կողմը, կարելի է ասել, լիովին բավարարված է այն ամենով, ինչը տեղի է ունենում, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե թշնամին հարվածներ է հասցնում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին, սա չի՞ ենթադրում, որ պետք է Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին։

Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ բացի ֆորմալ գործողություններից,  մշտապես կան այլ շփումներ ու գործողություններ։

«Կոչ եմ անում մեր լրագրողներին ու քաղաքացիներին՝ հստակ տարբերել ֆորմալ գործողությունները և դրան նախորդող ու հետևող գործողությունները։ Միշտ չէ, որ ամեն ինչ տեսանելի է և միանգամից կարելի է շոշափել, բայց եթե հետհայացք գցենք, թե ինչքան ժամանակ է անցել, և ինչ իրավիճակի միջով ենք անցել և կարողանում ենք պատվով դիմակայել, ակնհայտ կդառնա, որ բացի ֆորմալ նամակներից, մեկնաբանություններից, առաջին իսկ օրվանից գոյություն ունի գործընթաց, որը շատ էական ազդեցություն է ունեցել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանին հնարավոր աջակցության չափերը և ձևերը ճշտելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս