Թուրքական լիրան շարունակում է անկում ապրել
Թուրքական ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանում միջազգային արժույթների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg-ի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը կազմել է 8.44, իսկ մեկ եվրոյի նկատմամբ՝ 8.83:
Գործակալության տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին թուրքական լիրան արժեզրկվել է 7,5 տոկոսով, ինչը Թուրքիայի ազգային արժույթը վերածել է Bloomberg-ի վարկածով ամենաարագ գահավիժող դրամական միավորների առաջատարի։ Նոյեմբերի 3-ին ակնկալվում է, որ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը կհրապարակի հոկտեմբեր ամսվա տվյալները, որոնց արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ գնաճը կկազմի 12%, իսկ 2020թ․սեպտեմբերի համեմատությամբ՝ 2,15%:
Թուրքական արժույթի 2020թ․ սեպտեմբերի վերջին օրերին արագացած անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:
Հոկտեմբերի 31-ին Վանի 7-րդ նահանգային կոնգրեսում Էրդողանը իր ելույթում հայտարարել էր նոր տնտեսական ճգնաժամի դեմ «ազատագրական պատերազմ» սկսելու մասին։
Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը