Շոն Քոններիի այրին պատմել Է դերասանի կյանքի վերջին օրերի մասին
Բրիտանացի դերասան Շոն Քոններիի այրին՝ նկարչուհի Միշելին Ռոկվեբրունը, պատմել է իր ամուսնու կյանքի վերջին օրերի մասին, որը 90 տարեկան հասակում վախճանվել է հոկտեմբերի 31-ին: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Քոններին տառապում էր դեմենցիայից, ինչը խորացրել է նրա վիճակը. «Դա նրա համար արդեն կյանք չէր: Վերջին ժամանակներում նա նույնիսկ չէր կարողանում արտահայտել իր մտքերը»:
Ռոկվեբրունն ընդգծել է, որ այդ ողջ ժամանակ եղել է ամուսնու կողքին՝ մինչեւ քնած ժամանակ նրա խաղաղ մեռնելը:
«Նա հեռացավ խաղաղությամբ, առանց որեւէ իրարանցման: Դա այն էր, ինչ նա միշտ ցանկացել է»,-մեկնաբանել է կինը:
Նկարչուհին, որը Շոն Քոններիի հետ ծանոթացել է 1970 թվականին գոլֆի շրջագայության ժամանակ եւ ավելի ուշ դարձել նրա երկրորդ կինը, հավելել է. «Նա հիանալի էր: Մենք հիանալի ընտանիք ունեինք: Նա արիության եւ մարդկայնության տիպար էր: Առանց նրա շատ դժվար կլինի»:
Ավելի վաղ դերասանի որդին՝ Ջեյսոնը, հայտնել էր, որ իր հայրը կյանքից հեռացել է քնի մեջ՝ Բահամյան կղզիների մայրաքաղաքում՝ Նասաու քաղաքում, ամենամտերիմների շրջապատում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: