«Ոչ ոք այդքան չի վարկաբեկել գործող իշխանություններին, որքան այդ 3 հոգին». Արմեն Գրիգորյան

Մասնագիտությամբ ԼՕՌ բժիշկ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն օրերս գրառում էր կատարել՝ նշելով մի քանի բժշկական հաստատությունների մասին, որոնք պատրաստ են ընդունել կորոնավիրուսով հիվանդներ, բայց դրանք դատարկ են, քանի որ պատկանում են, այսպես ասած՝ «նախկիններին»: Դրանից հետո մեկնաբանությունների տիրույթում նրա դեմ հարձակում սկսվեց, որը, ըստ նրա՝ իշխանությունների «ֆաս» հրամանը ստացած ֆեյքերի կողմից է եղել:

«Ինձ չի հետաքրքրում իրենց մոտիվացիան, բայց հաստատ «ֆաս» էր: Ես չէի հանդիպել այդ ֆեյքերին, բայց մեծ հաճույք ստացա: Ուզում եմ ասել, որ նման էժանագին բաներով հնարավոր չէ հունից հանել: Ի դեպ, գներն էլ գիտեմ. Ֆեյքերը խոպանչիների նման են՝ 3-4 հոգանոց խմբեր, որոնք ամսական ստանում են 2000-2500 դոլար: Այդ 3-5 հոգին ունեն տարբեր օգտահաշիվներ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ոչ ոք այդքան չի վարկաբեկել գործող իշխանություններին, որքան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

«Տեսեք՝ կինոյի ոլորտում 2018-2019թթ. ծախսվել է մոտ 3 մլն 3 հարյուր հազար դոլար գումար, որից արտադրության վրա ծախսվել է մոտ 1 մլն 2 հարյուր հազար, և ինչ ունե՞նք՝ 30-ից ավելի անավարտ կինո: Չեն ավարտել, որովհետև պետք չէ: Ո՛չ հանրապետականները, ո՛չ այսօրվա իշխանությունները կինո նկարելու խնդիր չեն դնում, իրենց մոտ ուրիշ բաներ է դրված: Իսկ էն մնացած 2 մլն 100 հազար դրամն անիմաստ ծախսվել է՝ աշխատավարձեր, փառատոներ, գործուղումներ»,- ասաց նա՝ ընդգծելով՝ իր համար մեկ է, թե ով կլինի, կարևորը՝ առաջխաղացում լինի այդ ոլորտներում:

Նա չի կարծում, որ 2018թ. սխալվել է՝ հավատալով, թե որևէ բան է փոխվելու. «Իրականում ես եմ նաիվ մարդ եղել. ի՞նչ էի սպասում, որ միանգամից կգա ամենայն հայոց փրկի՞չ: Հա, սպասում էի, ես էլ եմ, չէ՞, մարդ: Բայց հետո սկսեցի հասկանալ, որ այդպես չի լինում»:

Մանրասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս