«Հացահատիկով բեռնված մեքենաներին Բագրատաշենի անցակետում արգելում են մուտք գործել Հայաստան»․ ահազանգում է «ԷրԷմ» ՍՊԸ փաստաբանը
«ԷրԷմ» ՍՊԸ փաստաբան Ժիրայր Սաֆարյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ հացահատիկի ներկրմամբ զբաղվող ընկերության համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Բագրատաշենի անցակետում։
«Այս պահի դրությամբ հացահատիկով բեռնված 5 բեռնատար մեքենա կանգնած է անցակետում, 5 մեքենա էլ ճանապարհին են, շուտով այստեղ կլինեն, և առանց որևէ հիմնավորման՝ խոչընդոտներ են ստեղծվում անցակետում։ Հարցնում ենք՝ ո՞րն է խնդիրը, աշխատակիցները նշում են, թե ընկերությունը պարտքեր ունի, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Ասում են՝ ընկերությունը 100 մլն դրամ պարտք ունի, ասացինք՝ նման բան չի կարող լինել, բազայում ճշտեք։ Ճշտեցին, ասացին՝ ընկերությունն ունի 13 մլն դրամ պարտք, բայց դա այս ամսվա ԱԱՀ-ն է, որը մինչև հունիսի 20-ը պետք է վճարվի։ Իրականում, 13 մլն դրամ չէ, այլ 40 մլն դրամից ավելի, բայց դեռ վճարելու ժամանակ ունենք։ Նախորդ ամիսներից մնացած պարտավորություն չկա, բոլորը կատարված է։ Հիմա անունը դնում են՝ հարկային հսկողություն, գաղտնի տվյալ, և առանց վարչական վարույթի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի ՝ մեքենաները կանգնած են անցակետում»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ զանգահարել է ԱԱԾ և տեղեկացրել, թե ինչ է կատարվում։
Ժիրայր Սաֆարյանի խոսքով՝ ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծվում են արդեն տևական ժամանակ և հիմա պատկան մարմիններից փորձում են հասկանալ՝ որն է խնդիրը։ Նա հավելեց, որ անցակետում սպասելու են այնքան ժամանակ, մինչև ընկերության բեռնատարներին թույլ տան մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։