«Մեծամորի բժշկական կենտրոն»-ին պաշտպանող շինությունն անհատույց կտրամադրվի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունեց որոշում «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին:
Ըստ նախագծի հիմնավորման՝ այս որոշումը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզում դատաբժշկական գործունեություն իրականացնելու համար համապատասխան տարածք հատկացնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ Արմավիրի մարզում՝ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործական կենտրոնը» չունի սահմանված կարգով իրեն հատկացված անհրաժեշտ տարածք, որի բացակայության պարագայում խնդիրներ են ծագում դիակների դատաբժշկական փորձաքննություն իրականացնելիս, մասնավորապես՝ դիակների տեղափոխման հարցում, երբ մարզում բացակայում է դիակ տեղափոխող պետական ծառայությունը:
Համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով փորձաքննության շրջանակներում դիակի հագուստների, իրեղեն ապացույցների, ինչպես նաև լրացուցիչ լաբորատոր ուսումնասիրությունների նպատակով դիակից վերցված՝ դատահյուսվածաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատագենետիկական և այլ նմուշների պահպանումն ինքնըստինքյան դառնում է անհնար, ուստի Կառավարությունը որոշել է Մեծամորի ԲԿ-ին սեփականության իրավունքով պատկանող և ներկայում չօգտագործվող շինություններից մեկը՝ 360.4 քմ մակերեսով, անհատույց տրամադրել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին:
Նշենք, որ Մեծամորի ԲԿ սեփականության իրավունքով պատկանող շինության կադաստրային արժեքը կազմում է 10,189,387 ՀՀ դրամ։ Շինությունն անհատույց տրամադրելուց հետո ընկերության ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կնվազեցվի ընկերության կանոնադրական կապիտալը շենքի հաշվեկշռային արժեքի՝ 4,964,190 դրամի չափով։