66 միլիոն դրամ՝ ոստիկանության զորքերի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին վճարվող հավելումների համար
Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով փոփոխություն կատարեց «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ՝ պայմանավորված ծառայության առանձնահատկություններով, հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։
Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները ևս ներգրավված են ՀՀ պետական սահմանի (շփման գծի) պահպանության առաջնադիրքի խորությամբ մարտական հերթապահության իրականացման գործընթացում, ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել ավելացնել ՀՀ ոստիկանության զորքերի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին վճարվող ամենամսյա հավելումների չափը։
Հաշվարկված հավելումերը կազմել են 2019թ. հունիս-դեկտեմբեր ամիսների համար՝ 38 670.8 հազար դրամ, իսկ Կառավարության այսօր ընդունած որոշմամբ՝ 2020թ. համար կկազմի 66 292.8 հազար դրամ, որը նախատեսվում է իրականացնել ՀՀ ոստիկանության 2020թ. ընդհանուր հատկացումների հաշվին: