«Այս ամենի մեղավորը մեկ մարդ է, ցիտեմ մտքի Էվերեստին՝ և այդ մեկ մարդը Նիկոլն է»․ Գուրգեն Եղիազարյան

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Գավառում տեղի ունեցած դեպքերի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ու «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

«Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը 2 տարի անընդհատ ապացուցում է, որ ինքը կառավարիչ չէ, իսկ ուժայիններ ղեկավարելու համար, ամեն ինչից բացի, նաև փորձ է հարկավոր։ Այս տարիքում փորձ ձեռք բերել հնարավոր չէ, պետք է գոնե նախկինում մարդկանց ղեկավարած լինել, իսկ այդ փոքր խմբավորությունը ղեկավարելը իրեն չի օգնել, նույնիսկ վնասել է։ Ես Նիկոլին նկատի ունեմ։ Եվ խնդրում եմ, որ Նիկոլ գրեք, ես Փաշինյան չեմ ասում։ Ինչու եմ ձեր հարցին այսպես պատասխանում, որովհետև Գավառի դեպքերի մեղավորը հիմնականում մի մարդ է, և այդ մարդը ոստիկանապետը չէ, որը չկարողացավ կանխել այդ դեպքերը, այլ Նիկոլն է։ Մենք, ցավոք, ունենք մի վարչապետ, որը 2 տարի է՝ անընդմեջ բռնության կոչեր է անում, ավելին՝ ոչ միայն բռնության կոչեր է անում, այլ բռնության կոչերի ընթացքում էլ ուղղակի տողակատով հրահրում է, որպեսզի դրանք կատարվեն»,- 168am-ի հետ զրույցում ասաց նա։

Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, որ Գավառի դեպքերից առաջ Նիկոլ Փաշինյանը խոսեց սամասուդի մասին․

«Այդ սամասուդն իրագործվեց Գավառում, մարդիկ գնացին և փորձեցին սպանել իրենց հարազատին սպանողներին, կամ էլ հիմա ներկայացնում են, որ չեն սպանել, որպեսզի իրենց վիճակն ավելի չծանրացնեն։ Երբ երկրի իշխանավորները խոսում են դրա մասին, նման հայտարարություններ են անում, մարդկանց ենթագիտակցության մեջ թուլացնում են այն զսպանակները, որ՝ սա կարելի է, սա չի կարելի։ Եվ դա տեղի ունեցավ Գավառում։ Այնպես որ, այդ ամենի մեղավորը մեկ մարդ է, ցիտեմ մտքի Էվերեստին՝ և այդ մեկ մարդը Նիկոլն է»։

Խոսելով Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ընդհարման մասին, նա ասաց․ «Նախ և առաջ, վերանամ այդ ընդհարումից, կարող եմ մի բան ասել, որ ՔՊ կոչվածը հասցրեց 2 տարում իրեն սպառել՝ բոլոր առումներով։ Այնպիսի ոլորտ չկա, որտեղ առաջընթաց գրանցած լինենք, այդ բազում խոստումները մնացին օդի մեջ կախված։ Հիմա  էլ այդ հպարտ քաղաքացիները և «ժող ջան»-ը էլ հույս չեն թողնում ՔՊ-ականներին։ Մեր նյարդերը լարված են, նրանց նյարդերը լարված են։ Այս բախման հիմքում էլ է Նիկոլն ընկած։

Այդ բռնությունների կոչերը, վերջիվերջո, փողոցում էլ արձագանք գտան, Գավառում էլ արձագանք գտան, էլի արձագանքներ են գտնելու։ Այս սև-սպիտակի բաժանումը, այս հասարակությունն այսպես մեջտեղից պատռելը, կապերը վերացնելը, մարդկանց մեջ թշնամանք սերմանելը գալիս է մեկ մարդուց, և այդ մարդը Նիկոլն է։ Այդ կոչերը, այսպես թե այնպես, պետք է նման արդյունքներ գրանցեն, ավելի վատ արդյունքներ կգրանցեն։ Նիկոլն ինքն իրեն մղել է փակուղի, և էլի ինքնահաստատվելու համար նման միջոցների կդիմի, որովհետև այդ բռնության կոչերի հոգեբանական կողմն այն է, որ ինքը փակուղում է, և իր ներքին վախերի ազդեցության տակ է այդ կոչերը հնչեցնում։ Մենք դեռ այս ամենի զարգացումը կտեսնենք։ Նման բախումները կարող են բերել լայնածավալ բախումների, մենք պատերազմող երկիր ենք, Աստված չանի, որ դրան հասնենք»

Տեսանյութեր

Լրահոս