Ստացած ֆաս հրահանգից հետո բացարձակ զարմանալու բան չկա. Հարություն Հարությունյանը՝ կադրերի արտահոսքում իրեն մեղադրելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի համանուն կայքն այսօր հրապարակել է անանուն հոդված «Արտահոսքի հեղինակը 27-ի գործով նախկին մեղադրյալն է և ՀՅԴ հեռուստաալիքը» վերտառությամբ, որտեղ, ըստ անհայտ հոդվածագրի, Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից, և «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով:

Չներկայացնելով ասվածի վերաբերյալ գեթ մեկ փաստ՝ հոդվածագիրը նաև անցում է կատարել այլ թեմայի և հիշեցրել.

«Հարություն Հարությունյանը ժամանակին եղել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ և կալանքից ազատվել է միայն այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ձևով պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, ապա և՝ վարչապետ Արամ Սարգսյանին, և ամբողջական վերահսկողություն սահմանեց իշխանության վրա»:

168.am-ը նշված հոդվածի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց Հարություն Հարությունյանից և Գեղամ Մանուկյանից:

Հարությունյանը հրապարակվածի վերաբերյալ կարճ պատասխանեց.

«Երեկվա ստացած ֆաս հրահանգից հետո բացարձակ զարմանալու բան չկա»:

«Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն էլ, չցանկանալով մեկնաբանել հրապարակումը՝ այն համարեց ընդամենը հիմարություն:

«Հիմարություն է, այլ բան չունեմ ասելու»,- ասաց Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս