Բաժիններ՝

Տիգրան Ավինյանին դահլիճից հուշում են, որ արտակարգ դրությունը կարող են երկարաձգել նաև 3-րդ անգամ՝ 30 օրով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մայիսի 14-ից հետո պարետատունը կարող է ևս 30 օրով  երկարաձգելու որոշում բերել խորհրդարան:

Պարետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ էդմոն Մարուքյանի մեկնաբանությունը նեղ է այն առումով, որ օրենքին հղում անելը՝  5-րդ հոդվածի 2-րդ կետին, չի ենթադրում, որ արտակարգ դրություն հայտարարելու նախորդ որոշումը փոփոխության չի կարող ենթարկվել:

«Ստացվում է, որ, եթե արտակարգ դրության ռեժիմի ժամանակ հնարավոր չի եղել  լուծել այն խնդիրը, որի համար հայտարարվել է, երկարաձգման ինստիտուտի գոյությունը հարցականի տա՞կ է դրվում ձեր  մեկնաբանմամբ»,- ասաց  Ավինյանը:

Էդմոն Մարուքյանը կրկնեց իր հարցը՝ պարետը կարո՞ղ է արդյոք  երրորդ անգամ 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը:

Ի պատասխան Մարուքյանի հարցի՝ Տիգրան Ավինյանն ասաց՝ ոչ, ինչին դահլիճից արձագանքեցին՝ Ավինյանին հուշելով, որ կարող է անընդհատ երկարաձգվել:

«էնտեղից ասում են՝ անընդհատ կարող է, պարոն Ավինյան, տեսնում եք, թե այս ինչ մեկնաբանություններ են, էս չե՞ք քննարկել իրար հետ: Պարոն Ավինյան, այս մեկնաբանությունը որևէ իրավական հենք չունի: Կառավարությունը 30 օրով չի կարող գերազանցել ամբողջ հանրապետությունում… դուք ասում եք՝ 30 օր, հետո՝ էլի 30 օր, և այդպես՝ մինչև տարվա վերջ: Այդպիսի բան չի կարող կատարվել»,- ասաց  Էդմոն Մարուքյանը:

Ավինյան-Մարուքյան երկխոսությանը միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ, եթե կա անհրաժեշտություն, ապա արտակարգ դրությունը պետք է շարունակաբար երկարաձգվի, իսկ Մարուքյանի խմբակցությունը կարող է առաջարկել առհասարակ վերացնել բոլոր սահմանափակումները, եթե շատ են ցանկանում:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր պարետի իրավունքներին և նրան, թե արդյո՞ք պարետը կարող է իրավական ակտ ընդունել:

Ի պատասխան՝ պարետ Ավինյանն ասաց, որ արտակարգ դրության վերաբերյալ օրենքը շատ նեղ է և խնդրահարույց։ Իրենք օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու, որ բոլոր այն հարցերը, որոնք մնացել են և լուծված չեն, լուծեն այդ մեկ փաթեթով:

Էդմոն Մարուքյանի հաջորդ հարցին՝ վերանայել հասարակական տրանսպորտի համար սահմանված սահմանափակումները և դրանք հանել գոնե մետրոյի գործունեության  համար, պարետ Ավինյանն ի պատասխան՝ ընդգծեց, որ տրանսպորտը շարունակում է մնալ վարակի տարածման ամենառիսկային աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս