Հյուրանոցներում մեկուսացումը պետության հետ փոխշահավետ համագործակցություն կարող է լինել. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Հայաստանում այս օրերին զբոսաշրջիկներ չկան, բայց նոր տեսակի կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մեծ մասը մեկուսացված է Հայաստանի տարբեր հյուրանոցներում: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հյուրանոց-պետություն այս համագործակցությունը որակում է փոխշահավետ:
Այդուհանդերձ, այս օրերին նոր հյուրանոցների հետ նման համագործակցության անհրաժեշտություն կա, եթե հյուրանոցները համաձայնեն իրենց մոտ ընդունել վիրուսով վարակված քաղաքացիներին, ովքեր ունեն մեկուսացման կարիք:
«Այս պահին թիրախավորված են 50 և ավելի սենյակ ունեցող հյուրանոցները, քանի որ ուզում ենք կենտրոնացված պահել շփման շրջանակը մեկ վայրում: Դիտարկվում են Երևանը՝ հատկապես, Ծաղկաձորը, որտեղ այս պահին բավականին մեկուսացվածներ կան, և Դիլիջանը»,- ասաց Սուսաննա Սաֆարյանը:
Կոմիտեի նախագահը հորդորում է այդ բնակավայրերում գտնվող այն հյուրանոցների սեփականատերերին, որոնք համագործակցելու պատրաստակամություն կհայտնեն, Զբոսաշրջության կոմիտեի էջում տեղադրված հայտով ներկայացնել գնառաջարկ, որից հետո իրենք խոստանում են շատ օպերատիվ կապ հաստատել և քննարկել համագործակցության բոլոր պայմանները:
«Սա ևս կարող ենք դիտարկել՝ որպես աջակցության մի ձևաչափ, երբ կարծես պետությունն իր կողմից քայլ է անում աջակցության»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Ու չնայած թիրախում այս պահին 50+ սենյակներ ունեցող հյուրանոցներն են, պետությունը չի բացառում նաև ավելի փոքր հյուրանոցների օգնությանը դիմելու հնարավորությունը:
«Չի բացառվում, որ ժամանակի հետ անհրաժեշտություն առաջանա նաև ավելի փոքր հյուրանոցներին դիմելու: Ես կխնդրեմ, որ նաև նրանք պատրաստ լինեն և գնառաջարկներ ներկայացնեն, որպեսզի մենք ձեռքի տակ ունենանք անհրաժեշտ տվյալների բազան և կարողանանք շատ արագ կոորդինացիան ապահովել»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:
Սուսաննա Սաֆարյանը վստահեցնում է, որ որևէ խնդիր չկա, որ այն հյուրանոցները, որոնցում այս օրերին մեկուսացված են քաղաքացիները, վիրուսի նահանջից հետո կարողանան բնականոն աշխատանք իրականացնել:
«Այս պահին էլ, պարբերաբար, երբ մեկուսացվածների խմբերը փոխվում են, իրականացվում են ախտահանման աշխատանքներ ամբողջ հյուրանոցում, ինչպես նաև՝ հյուրանոցներում խմբերի գտնվելու ողջ ժամանակահատվածում: Որոշակի առումով կարող եմ ասել, որ սա նաև կարող է լավ նախադեպ հանդիսանալ հետագայում իրենց հյուրանոցներն ավելի լավ դիրքավորելու համար, որովհետև սա շատ կարևոր աջակցություն է պետությանը, երբ հյուրանոցներն իրենց իսկ պատրաստակամությամբ, իրենց իսկ նախաձեռնությամբ դիմեցին մեզ, տրամադրեցին իրենց հյուրանոցները»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Այս օրերին, երբ փակված են ՀՀ սահմանները, Զբոսաշրջության կոմիտեն ծրագրեր է մշակում ներքին զբոսաշրջությունը խթանելու համար: