Արցախի ընտրողների ընդհանուր թիվը 103.663 է. Ջիվան Ղահրամանյան
Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը 103.663 է, որից 776-ը՝ համապետական ընտրություններին կմասնակցեն Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում: Տվյալները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրապարակեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանը:
«Ընդհանուր առմամբ կազմավորվել է 282 ընտրատեղամաս»,- ասաց նա:
Ճեպազրույցին մասնակցող հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը վստահեցրեց, որ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ և անվտանգություն ապահովելու նպատակով, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ձևավորվել են ոստիկանության վերակարգեր: Իսկ ոստիկանության ծառայությունն ընտրական տեղամասերում սկսվում է քվեարկության նախորդ օրը:
Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով դեռևս փետրվարի 3-ից է Արցախի ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել օպերատիվ շտաբ` ապահովելու մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահի և ԱԺ հերթական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ինչպես նաև` ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը և դրրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:
«Ընտրախախտումների վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, որոնցից երկուսով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսը՝ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ մնացած 3-ով՝ իրականացվում են համապատասխան ստուգումներ»,-եզրափակեց Մովսիսյանը: