Արցախում բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:

Այս մասին տեղեկացրին «Արցախ / Տեղեկատվական շտաբ»-ից:
Այս պահի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ, ստացիոնար բուժում ստացող հիվանդների քանակը` 32, որից 22-ը կամ 68.8%-ը`0-18 տարեկան երեխաներ:
2019թ. մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան:Ստացիոնար բուժման մեջ են գտնվել 59 հիվանդ, որից 37-ը (63%)` 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նկատվում է ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում:

2020թ. փետրվար ամսում արձանագրվել է 4948 ՎՇՈւՍՎ դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 3447 ՎՇՈւՍՎ դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:

Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

 խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
 եթե հիվանդ եք, մնացե´ք տանը՝ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
 եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
 հագնվե´ք եղանակին համահունչ,
 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
 հետևե´ք անձնական հիգիենայի կանոններին։

Տեսանյութեր

Լրահոս