COVID-19. Իսպանիայում վարակվածության 5000-ից ավելի նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 436 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 19 հազար 600-ը: Ապաքինվածների թիվը կազմում է 111 հազար 878:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 218 է: Գրանցվել է ընդամենը 47 նոր դեպք: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 69 հազար 176 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 6 հազար 820:
Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 54 հազար 973: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 47 հազար 610 և վարակվածության նոր դեպքերի զգալի աճ է գրանցվել՝ կազմելով 5 հազար 552: Մահվան նոր դեպքերը 443-ն են, ընդհանուր թիվը՝ 3 հազար 434 է:
Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 34 հազար 009 է, այնուհետև Իրանն է՝ 27 հազար 017 հաստատված դեպքով: Այստեղ նոր դեպքերի թիվը կազմում է 2 հազար 206: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 22 հազար 304-ի, Շվեյցարիայում՝ 10 հազար 456-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 137-ի, Մեծ Բրիտանիայում՝ 8 հազար 077-ի:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 73 դեպք կա, Ռուսաստանում` 658, Թուրքիայում՝ 1872:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մահվան դեպքեր չկան:
Չինաստանն օգնում է աշխարհին
Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում: «Սինխուա» գործակալությունը տեղեկացնում է, որ թռիչքն իրականացվել է չարտերային չվերթով: Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ բժշկության, ինֆեկցիոն հիվանդությունների ու դրանց վերահսկման, ավանդական չինական բժշկության, բուժքույրական խնամքի գծով: Նրանք իտալացի մասնագետներին կփոխանցեն պրոֆիլակտիկայի, վերահսկողական գործընթացի, ախտորոշման և բուժման հետ կապված իրենց փորձը: Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում:
Իտալիայում կարանտինը խախտողներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիան դիմում է խիստ միջոցների: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ կարանտինի խախտման առավելագույն պատիժը երեք ամիս ազատազրկումից դարձել է հինգ տարի: Մարտի 24-ին հրապարակված հրամանագրի համաձայն, ազատազրկման առավելագույն չափը սահմանվել է 5 տարի, նվազագույն չափը՝ մեկ տարի: Ավելացվել է նաև տուգանքների չափը: Մասնավորապես, 206 եվրոյի փոխարեն այժմ սահմանվել է 400-3000 եվրո: Նշվում է, որ նոր հրամանագիրը հնարավորություն է տալիս տեղական՝ մարզային իշխանություններին սահմանել սեփական սահմանափակումները կորոնավիրուսի դեմ պայքարում: Իտալիայում կորոնավիրուսի վարակվածության 69 հազար 176 դեպք է գրանցվել: Այստեղ աշխարհի մյուս երկրների համեմատ բարձր է մահացության ցուցանիշը՝ 6 հազար 820 մարդ: Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում:
Կորոնավիրուսը չի շրջանցել արքայական ընտանիքին
Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել: Արաքայազն Չարլզն ինքնամեկուսացվել է Շոտլանդիայում: Թագաժառանգի գրասենյակի՝ «Քլարենս հաուս»-ի կողմից տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նրա մոտ մեղմ ախտանշաններ են եղել, ինքնազգացողությունն, ընդհանուր առմամբ, լավ է, և վերջին մի քանի օրվա ընթացքում արքայազն Չարլզն աշխատել է տնից: Դքսուհին նույնպես կորոնովիրուսի ախտորոշման թեստ է հանձնել: Սակայն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Կառավարության և բժիշկների հորդորով արքայազն ու դքսուհին ինքնամեկուսացել են տանը` Շոտլանդիայում: Նոր տիպի կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում, որոշներում արտակարգ դրություն է հայտարարվել: Միացյալ Թագավորությունում հաստատված դեպքերի թիվը անցել է 8 հազարը:
Իրանի տարածքում ուղևորությունները կարգելվեն
Իրանի իշխանությունները երկրի տարածքով ուղևորությունները կարգելեն ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Այս մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Իրանի նախագահն այսօր հրաման է արձակել այն մասին, որ ուղևորություններն ու քաղաքներից դուրս գալը կարգելվի»,-նշել է Ալի Ռաբիին: Իրանում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվը մոտենում է 25 հազարի: Մահացել է 1934 մարդ:
Բելառուսում շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել
Բելառուսում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 86 է. մարտի 25-ի դրությամբ դուրս են գրվել կամ դուրս գրման են պատրաստվում 29 քաղաքացիներ, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով: Բուժումից հետո նրանց մոտ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ ներկայում 57 քաղաքացի բժշկական հսկողության ներքո է: Եվս երկու անձ կրկնակի թեստավորման փուլում է: