Բաժիններ՝

Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն. Տիգրան Ավինյան

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ  Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Տիգրան Ավինյանն ասել է. «Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Բոլորդ տեղյակ եք, որ արդեն իսկ նոր սահմանափակումներ են ներդրվել ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակների, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի նկատմամբ: Ըստ այդ որոշումների տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները, թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետև այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ:

Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի՝ եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի: Շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի և նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով: Գիտեք, որ երկուշաբթի օրենքը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին անպայման հետևել այս սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին և մեզ տալ ժամանակ որպեսզի մենք ունենանք հնարավորություն արդիականացնելու մեր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Երևի թե այսքանն եմ ուզում ասել, հարգելի՛ գործընկերներ: Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն մինչև մարտի 31-ը: Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավել չեն կարող տեղափոխվել և պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետևի այս որոշմանը:

Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով  կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա  հետագա տարածման դեմ»:

Նիստի մասնակիցները անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, քննարկել են մթերային խանութներում և սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս