«Այսօր մարդը չգիտի` ինչպես սնվի, բայց ասում են, որ վարկը չվճարելու դեպքում տոկոսներ են ավելանալու, եղբայր, ինչո՞ւ եք ընկել մեր ժողովրդի հետևից». Գագիկ Ծառուկյան
«Այսօրվա ստեղծված իրավիճակում բոլորս ենք պատասխանատու, բոլորն էլ ասում են՝ միասնական պետք է լինենք, բայց սա ոչ թե խոսքով պետք է լինի, այլ լիարժեք միասնական պետք է լինենք: Եթե տեսնում ենք խնդիրը, պետք է դրան լուծում առաջարկենք»,- այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստին ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ հատուկ նիստում քննարկվում է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը, առաջացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ իրենք ոչ միայն խնդիրն են ներկայացնում, այլև դրա լուծման մոտեցումը, քանի որ խոսում ու մտածում են երկրի, ժողովրդի և ապագայի համար: Ուստի, նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ասելու խնդրի լուծման իր մոտեցումը:
«Այսօր բոլորս էլ գիտենք, որ այս վիրուսը Հայաստանում չի եղել, առաջին քայլը պետք է այն լիներ, որ այնպես անեին, որ վիրուսը ներս չմտներ, եթե ներս է մտել և, իմանալով, որ մեկը հարսանիք է եղել, մեկը՝ նշանադրեք, ու շփվելով՝ պարզ է, որ համատարած այն տարածվել է: Ես դժգոհ եմ՝ ինչո՞ւ, որովհետև այսօր բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, օդանավակայանում, հիվանդանոցներում և ցանկացած վայրում, բայց որևէ տեղ չկա, լիարժեք թեստերով պետք է ստուգեին և համապատասխանաբար մարդկանց մուտքն արգելեին կամ թույլատրեին այս կամ այն վայր: Ես արդեն ասել եմ, որ այսօր Բելառուսիայում բոլոր տեղերը բաց են, պարզ է՝ ստուգում են, կասկածյալներին մեկուսացնում են, առողջներին՝ թողնում»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսով՝ այսօր կա 200 հազար ընտանիք, որոնք օրավաձով են աշխատում, հիմա նրանք չեն աշխատում, ոստի առաջարկում է, որպեսզի ամսական նրանց գումար տրամադրվի 70.000 դրամի չափով, որպեզի մարդիկ կարողանան գոյատևել, և ավելի վատ իրավիճակներ չստեղծվեն:
«Մենք ասում ենք, որ բանկային համակարգում վարկառուների դեպքում 3 ամսով ներում լինի, մարդը գումար չունի, չգիտի՝ ինչպես սնվի, և այդ մարդուն ասում են, որ, եթե այսօր վարկը չի վճարում, երկու ամիս հետո տոկոսներ են ավելանալու. Եղբայր, ինչո՞ւ եք ընկել մեր ժողովրդի հետևից: Այսօր մենք ոչ թե ուզում ենք «լավամարդ» լինել, ցեխ շպրտել, այսօր դրա ժամանակը չէ, մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատել և ներկայացնել մեր լուծումները: Այսօր չպետք է լինի իմը և քոնը, փոխարենը՝ պետք է լինի իրական և արդյունավետ առաջարկներ»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև ընդգծեց, որ այսօրվա քննարկման արձանագրությունը կկազմեն և մեկ օրինակ կուղարկեն ԱԺ նախագահին, մեկ օրինակ էլ՝ Կառավարությանը՝ ցույց տալով, թե որոնք են իրենց առաջարկներն ու խնդիրների լուծումները ստեղծված իրավիճակում: