Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, կարևորել երկու երկրների ղեկավարությունների միջև ուղիղ երկխոսությունն ու իրավիճակից բխող կարծիքների և մտքերի փոխանակումը:
Նշելով, որ տեղյակ է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության կողմից իրականացվող կանխարգելիչ քայլերի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև Հայաստանում:
Զրուցակիցները ճգնաժամային այս բարդ իրավիճակում կարևորել են անմիջական և շարունակական համագործակցությունը, երկու երկրների միջև փորձի ու տեղեկատվության փոխանակումը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ էմիրաթական փորձն էական նշանակություն կունենա Հայաստանի համար: Իր հերթին Աբու Դաբիի թագաժառանգը նշել է, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են նաև միմյանց գործնական օժանդակության հնարավորությունը:
Կողմերն անդրադարձել են նաև նախագահ Սարգսյանի՝ այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցին և նշել, որ ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են և կատարման ընթացքում:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Համագործակցությունն այդ ոլորտում համարվել է առաջնահերթություններից մեկը և համաձայնություն է ձեռք բերվել ավելի արագացնել Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ գործնական քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որով մասնավորապես ակնկալվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտք Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելու արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը:
Այս ծրագրին նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել էին նաև այս տարվա հունվարին Աբու Դաբիում կայացած իրենց հանդիպմանը՝ հեռանկարային համարելով փոխգործակցությունը թե՛ այս նախաձեռնության շրջանակում և թե՛ ընդհանրապես նորարարության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։