Միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու հնարավորություն կլինի
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:
Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Մ. Հայրապետյանը:
Գործող օրենքի համաձայն, աշակերտները միայն անվճար հիմունքներով կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական հաստատություններում: Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:
Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Ինչպես հայտնել էր Հայրապետյանը՝ այդ փոփոխությամբ, օրինակ, Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում: