ՌԴ Առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ կորոնավիրուսը կարելի է բուժել իբուպրոֆենով և պարացետամոլով. Ինտերֆաքս

Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Ելենա Մալիննիկովան հայտարարել է, որ կորոնավիրուսը կարելի է բուժել իբուպրոֆենով և պարացետամոլով: Այս մասին տեղեկանում ենք interfax.ru-ից:

«Իբուպրոֆենը պարացետամոլին հավասար կարելի է և պետք է նշանակել կորոնավիրուսով հիվանդներին, և այստեղ մենք համակարծիք ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- Մալիննիկովայի խոսքերն է մեջբերում Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Միևնույն ժամանակ՝ ՌԴ ԱՆ գլխավոր վարակաբանը շեշտել է, որ հիվանդների համար ամենագլխավոր բանը բժշկի խորհուրդներին հետևելն է, քանի որ տվյալ կոնկրետ դեպքում անհրաժեշտ բուժումը կարող է նշանակել միայն բուժող բժիշկը:

ՌԴ առողջապահական գերատեսչությունը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 19-ին արդեն իսկ չեղարկել էր իր` կորոնավիրուս ախտորոշված հիվանդներին բուժելու համար իբուպրոֆեն չկիրառելու խորհուրդը:

«ԱՀԿ-ն խորհրդակցում է COVID-19-ով հիվանդներին բուժող բժիշկների հետ և չի ստանում որևէ տեղեկատվություն իբուպրոֆենի բացասական էֆեկտների վերաբերյալ, բացի համընդհանուր հայտնի բացասական ազդեցությունից, որոնք էլ սահմանափակում են նրա կիրառությունը ազգաբնակչության որոշակի խմբերի համար: Հիմնվելով ներկայումս եղած տեղեկատվության վրա` ԱՀԿ-ն խորհուրդներ չի տալիս իբուպրոֆենն արգելելու վերաբերյալ»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ, որը մեջբերել է ՌԴ Առողջապահության նախարարությունը:

Պատրաստեց 168.am-ը

Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Առաջին իսկ անհանգստացնող նշանների կամ ինքնազգացողության վատացման դեպքում դիմեք բժիշկներին:

Առողջ եղեք:

Տեսանյութեր

Լրահոս