Բաժիններ՝

«Ուզում եմ շարունակել աշխատել, բայց ցավերս բուժող չկա»․ Նախկին զինվորականը չգիտի, թե իրեն ինչո՞ւ չեն վիրահատում

Նախկին զինվորական Գառնիկ Գեղամի Հակոբյանը, ում երկու ոտքերն անդամահատված են, երկար ժամանակ սուր ցավերի պատճառով չի կարողանում աշխատել և տառապում է:

«Այս պահին գտնվում եմ «Արմենիա» ԲԿ նևրոպաթոլոգիական բաժանմունքում։ Ինձ պետք է տանեին անոթային բաժանմունք կամ ուռոլոգիական, բերել են նևրոպաթոլոգիական բաժանմունք։ 1,5 տարի է՝ ասում էի, որ որովայնիս ներքևի հատվածն է ցավում։ Հետազոտություն կատարեցին, տեսան, որ ադենոմա կա, ու այն մեծացել է, սակայն ասացին, որ վիրահատության կարիք չկա։ Վաղն էլ դուրս են գրելու, իսկ արդյունքում ոչ մի բուժում չեղավ,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Հակոբյանը՝ հավելելով,- Նոյեմբերին պառկած էի անոթային բաժանմունքում, ահավոր ցավեր ունեի ծնկից ներքև, բաժնի վարիչն եկավ, թե՝ ի՞նչ ես պառկել ստից տեղը, գնա, քո ողնաշարն է։ Հետո պարզվեց՝ ողնաշարի ճողվածք կա, սակայն վիրահատության կարիք չկա։ 2018թ․մրսել էի՝ 45 ամիս տարբեր հիվանդանոցներում պառկեցի։

«Էրեբունի» ԲԿ-ում էի, հետո իմ կամքով դուրս գրվեցի, գնացի, տարան  Մասիսի հիվանդանոց, դե, ես Այնթապի բնակիչ եմ, 4 օր պառկեցի՝ ասացին, թե թոքերի քաղցկեղ է։ Էպիկրիզը «Էրեբունի» ԲԿ-ից բերեցինք, տեսան, որ մաքուր է։ Մի խոսքով, դուրս գրեցին, լավ արեցին, որովհետև մասնագետ չկա Մասիսում։ Գնացի Աբովյան՝ թոքերի համար, բժշկուհին, թե՝ քեզ ո՞վ է ուղարկել այստեղ, թոքերդ մաքուր են, սրտային անբավարարություն կա, և ուղարկեց «Աստղիկ» ԲԿ։ 17 օր էլ այնտեղ մնացի։ Մարմինս ուռչել էր, ոտքերս՝ նույնպես, բժշկուհին մի կերպ կայունացրեց վիճակս՝ գնացի տուն»։

Գառնիկ Հակոբյանն ասում է՝ ոչ մի տեղ իրեն չեն վիրահատում։

«Զույգ ոտքերս անդամահատված են, բայց ներքևի հատվածում դաժան ցավ է։ Աշխատանքի ժամանակ գոտկատեղից ներքև ցավեց, եկա տուն ու չկարողացա գործի գնալ։ 1,5 տարի է՝ անկողնային վիճակում եմ։ Բժիշկներն ասում են՝ վիրահատության կարիք չկա։ Տերովին տերն է տարել, անտերին էլ՝ գելը։ Հիմա ես տեր չունեմ։ Ասում են՝ շագանակագեղձի ադենոմա կա, գերաճել է։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ վիրահատության կարիք չկա։ Անընդհատ ցավեր ունեմ, չգիտեմ, թե ում դիմեմ։ Գումար էլ չկա։ Ամեն ամիս սպասել եմ թոշակի, հավաքել ու դիմել եմ հիվանդանոց, մի 10 օր պահում ու դուրս են գրում, ես էլ սոված-ծարավ գնում եմ տուն։ Ես այն տղան եմ, որ երբեք ողորմություն չեմ խնդրի, ես աշխատող մարդ եմ։ Այս վիճակում 6 տարի աշխատել եմ, մեքենա եմ վարել։ Հիմա ուզում եմ շարունակել աշխատել, բայց ցավերս բուժող չկա»,- եզրափակեց նախկին զինվորականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս