Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ
ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Մինչև շաբաթվա վերջ մենք կստանանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5000-ից ավելի թեստ, ինչը բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք իրականացնում, կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք լրացուցիչ թեստեր ձեռք բերել»,- նշեց Նանուշյանը։
Նա վստահեցրեց, որ այս պահին հանրապետությունում առկա է բավարար քանակությամբ թեստ։
Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Նրանք ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին կա հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է: