«Որ աշխատանք ըլի՝ աշխատենք, ուզում ա՝ էս կոմ ըլի, ուզում ա՝ էն…». վարդաբլուրցիները՝ հնի ու նորի մասին

 85-ամյա Վարիչկա տատին «168 Ժամի» նկարահանող խումբը հանդիպեց Վարդաբլուր գյուղի ճանապարհին: Տատի լավագույն հիշողություններն անցյալում են, երբ գյուղում դեռ գործում էին ֆերմաները, կարի ֆաբրիկան. «Էն կոլխոզի ժամանակը, էն սովխոզի ժամանակն ավելի լավն էր, քանց թե հիմի. ոչ աշխատանք կա, ոչ բան»:

Տատն իր կյանքում տեսել է քաղաքական հազարումի անցուդարձ, բայց քաղաքական վերջին փոփոխությունների մասին հակիրճ է խոսում. «Հեղափոխությունը… դե եսիմ էլի… դե, որ աշխատանք չկա, դժվար ա էլի… Որ աշխատանք ըլի՝ աշխատենք, ուզում ա՝ էս կոմ ըլի, ուզում ա՝ էն…»:

Վարդաբլուրի վարչական ղեկավար Ռուսլան Օհանյանը, սակայն, դրական սպասումներ ունի: Մեզ հետ զրույցում Ռ. Օհանյանը նշեց, որ 1400-ից ավելի բնակչություն ունեցող Վարդաբլուրում գյուղացին աշխատասեր է ու կարողանում է հացի խնդիրը լուծել, անգամ ներգաղթ ունեն, ու այլևս վաճառքի տներ չկան. «Մեր համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ. աշխատող ժողովուրդ են մեր վարդաբլուրցիները»:

Վաճառքի տներ չկան, բայց գյուղում դեռ կան մարդիկ, ովքեր 1988 թվականի երկրաշարժից հետո ապրում են թիթեղապատ ու փայտաշեն տնակներում: Մի քանիսը ստացել են փոխհատուցում, սակայն մի քանի ընտանիքներ այդպես էլ չեն ընդգրկվել կամ ինչ-ինչ պատճառաբանությամբ ինչ-որ ժամանակ դուրս են մնացել  պետության կողմից փոխհատուցման ներկայացվածների ցուցակից:

Թամարա Գյուլզադյանի տունն էլ է երկրաշարժի ժամանակ փլվել. ինքը պայքարել է տուն ստանալու համար, բայց ոչնչի չի հասել, հիմա որդու հերթն է: Որդին՝ Գագիկն էլ սպասում է, որ իրենց մասին դեռ կհիշեն. «Հլա դեռ սպասում ենք, որ կամ կսարքեն էդ կիսաշինությունը, կամ էլ ինչ-որ տուն կտան, որ ապրենք: Ցուցակից հանել են. Որ ինչ են հանել, չգիտեմ»:

Նույն խնդիրն ունի Տիկին Թամարայի հարևանուհին՝ Տիկին Ոսկեհատը: Նա միայնակ մայր է. տղային չի կարողանում ամուսնացնել, քանի որ տուն չունեն, իսկ ժամանակավոր կացարանը, որը տվել են աղետից հետո, սեփականության վկայականի մեջ արձանագրվել է՝ իբրև բնակելի:

Տիկին Ոսկեհատը կարծում է, որ հենց այդ պատճառով է  ինքն ինչ-որ փուլում  դուրս մնացել փոխհատուցում ստացողների ցուցակից: Հների հետ չի հաշտվում, նորերի հետ էլ հույսեր չի կապում տիկին Ոսկեհատը. «Ես իրոք արդեն չեմ հավատում: Ասում ա՝ մինչև աչքդ չտենա՝ չմտնես ներս…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս