Փաշինյանն ինչ ասում է, իր գործն է, բայց ՍԴ-ն լուրջ աշխատանք է կատարել ՀՀ-ի համար. ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյան. tert.am
Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի, որովհետև անցումային դրույթը կոնկրետ ժամանակի է վերաբերում, այն գործում է մինչ այն օրը, երբ մտնում է ուժի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 1996-2014 թթ. Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
«Ինձ հետաքրքրող հարցը հետևյալն է. Սահմանադրությունն այսօր գործո՞ւմ է, թե՞ չի գործում: Ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետև եթե սահմանադրությունը գործում է, ապա որևէ պաշտոնյա իրավունք չունի դատական իշխանության վերաբերյալ լավ կամ վատ արտահայտվելու, դա դիտվում է ճնշում դատարանի վրա, որն արգելված է Սահմանադրությամբ»,-ասաց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը:
Նրա խոսքով, այսօր մոռանում են մեկ հասարակ բան. երբ 90-ին եղավ հեղափոխություն ու ձևավորվեց Գերագույն խորհուրդը, այդ Գերագույն խորհրդի առաջին փաստաթղթերից մեկը անկախության մասին հռչակագիրն էր. «Խորհուրդը հռչակեց անկախության մասին հռչակագիրը, այդ հռչակագիրն այսօր գործո՞ւմ է, թե չի գործում: Երկրորդ, կարևոր որոշումը, որ կայացրեց Գերագույն խորհուրդը, դա հետևյալն էր, որ Սահմանադրությունը գործում է այնքանով, որքանով չի հակասում այդ հռչակագրին: Այսինքն, այն, ինչ հիմա արվում է, ժամանակին արվել է, թող սովորեն և ըստ այդմ ձևավորեն իրենց քայլերը: Ես ողջունել և ողջունում եմ հեղափոխությունը, բայց հիմա ստացվում է, որ ես հակառակ եմ ինչ-որ բաների. ես հակառակ չեմ, ես ուզում եմ, որ այսօրվա իշխանությունը լինի իշխանություն՝ բառի բուն իմաստով, Սահմանադրության նկատմամբ նման վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է»:
Հարցին, թե գործող իշխանությունը նշում է, որ Սահմանադրական դատարանն անկախ չի և երբևէ անկախ չի եղել և վարչապետն էլ Սյունիքում իր ելույթում ասաց, որ ՍԴ-ն անկախ չի եղել, ՍԴ անդամները և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել են կամակատարներ, ինչպիսին էր ՍԴ-ն, երբ այդ երեք նախագահների օրոք Պողոսյանը եղել է ՍԴ անդամ, նա ասաց, որ Փաշինյանն ինչ որ ասում է, իր գործն է, բայց ՍԴ-ն իր բազմաթիվ թերություններով հանդերձ կատարել է լուրջ աշխատանք ՀՀ-ի համար:
Պողոսյանը նշեց՝ Սահմանադրությունն առաջին հերթին փաստաթուղթ է. որով սահմանափակվում է իշխանությունը: «Սահմանադրության խնդիրը դա է, հակառակ դեպքում՝ անիմաստ է այդպիսի բան ստեղծելը: Բոլոր այն փաստարկները, որոնք բերվում են այսօր Սահմանադրական դատարանի վերաբերյալ, ճգնաժամ և այլն, սրանք, ըստ էության, վերաբերում են գործող Սահմանադրությանը, ոչ թե ՍԴ-ին, դա կապ չունի Սահմանադրական դատարանի հետ»:
Հարցին՝ թե Պողոսյանը կողմնակիցն է այն պնդումների, որ իշխանությունը չի ուզում ունենալ անկախ Սահմանադրական դատարան,նա ասաց, որ ինքը ինքը չի ուզում նման եզրակացություն անել. «Հետևանքների մասին մտածե՞լ ենք. ընտրվելու են յոթ նոր դատավոր, որոնք 12 տարի հետո պետք է փոխարինվեն նորերով, այսինքն այն ժամանակ նույնպես գործող իշխանությունը կստեղծի իր դատարանը, այդպես չի կարելի»,-ասաց Վալերիյ Պողոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։