Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը` Կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մարտի 13-ին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մտահոգությամբ ենք անդրադառնում աշխարհում, ինչպես և մեր երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կացությանը: Աղոթում ենք համավարակից մահացածների հոգիների հանգստության համար, մեր զորակցությունը բերում նրանց ընտանիքիներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր հիվանդներին:
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:
Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը` հոգևոր խնամք մատուցելով իր հավատավոր զավակներին, քաջալերելով ամուր մնալու հավատքի մեջ, առ Աստված հավատքով և աղոթքով դիմագրավելու դժվարություններն ու նեղությունները։
Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մարդկության առաջ հառնած վտանգների ու սպառնալիքների շուտափույթ հաղթահարման համար: Հայցում ենք նաև Տիրոջ օգնականությունն առողջության և կազդուրման կարիք ունեցողներին, իրենց տքնաջան ծառայությունը բերող բժիշկներին և առողջապահության ոլորտի կարևոր սպասավորության մեջ ներգրավված բոլոր անձանց:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ամենառատ ողորմությունը լինեն բոլորի հետ. ամեն»։