Կորոնավիրուսը «ճիշտ ժամանակին» է հայտնվել. «Առավոտ»
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ի՞նչ է անում ժամանակակից աշխարհում «միջին վիճակագրական» անհատը, երբ արթնանում է առավոտյան: Մարզա՞նք: Աղո՞թք: Ինքնազարգացո՞ւմ: Անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմա՞նը: Ո՛չ, նա աչքերը բացելուն պես (հաճախ անգամ անկողնուց դուրս չգալով)՝ վերցնում է հեռախոսը եւ սկսում է ստուգել նորությունները:
Ի՞նչն է համարվում նորություն: Այստեղ պատասխանները կարող են տարբեր լինել: Երիտասարդ աղջկա համար նորությունը գուցե այն է, թե քանի հոգի է «լայք» դրել Ինստագրամում նախորդ օրը բեռնած տասնյակ նկարներին, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է նա ընկերուհիների հետ սրճարան գնացել եւ ինչ է այնտեղ կերել-խմել: Քաղաքականության հողի վրա շեղվածի համար նորությունը թերեւս այն է, թե իր համակրած եւ չհամակրած գործիչների մասին ինչ նոր բամբասանքներ կան եւ ինչ վիրավորական խոսքեր են նրանք ասել միմյանց հասցեին:
Բայց մարդկանց գլխավոր ձգտումը առավոտյան եւ ամբողջ օրվա ընթացքում տագնապալի լուրեր իմանալն է՝ վթարներ, աղետներ, ահաբեկչություն, պատերազմ: Եվ իհարկե՝ հիվանդություններ: Կորոնավիրուսն այդ առումով «ճիշտ ժամանակին» է հայտնվել: Դա հենց այն է, ինչ հետաքրքրում է մարդկանց գերակշիռ մեծամասնությանը: Եվ որքան սարսափելի լինեն լուրերը՝ այնքան լավ են դրանք սպառվում:
Ես չեմ զարմանա, եթե շատերը «դատարկություն» զգան, երբ մի քանի շաբաթից կամ մի քանի ամսից կորոնավիրուսը նահանջի: (Չնայած գիտության զարգացման ներկա փուլում բացառված է, որ տարեց կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց որեւէ մասը չշարունակի մահանալ թոքաբորբից կամ տարատեսակ գրիպների այլ բարդություններից):
Մարդիկ ուզում են կորոնավիրուսի մասին տագնապալի լուրեր իմանալ, որպեսզի հագուրդ տան իրենց ենթագիտակցական իռացիոնալ վախերին եւ խուճապին:
Բայց մյուս կողմից՝ մարդիկ զարմանալիորեն չեն ուզում առօրյա կյանքում դրսեւորել ռացիոնալ, պատասխանատու վարքագիծ, որպեսզի կանխեն այդ վարակի տարածումը: Ժամերով «չանա ծեծել» սոցցանցերում կորոնավիրուսի մասին՝ խնդրեմ: Բայց սնվելուց առաջ լվանալ ձեռքերը՝ դա երեւի դժվար է, մեծ ճիգեր է պահանջում:
Էլ չեմ խոսում ավելի «բարդ», դժվար իրագործելի սահմանափակումների մասին: Այս օրերին, եթե որեւէ մեկը ժամանել է Իտալիայից կամ որեւէ այլ «վտանգավոր» երկրից, թերեւս, պետք է չափազանց զգուշավոր լինի իր հարազատների, մտերիմների եւ գործընկերների հետ շփումների առումով: Եվ ոչ թե հույսը դնի միայն պետության կողմից ձեռնարկված միջոցառումների վրա, որոնք, ինչպես ցույց տվեց իրավիճակը, բավարար չէին:
Չինաստանը չափազանց կոշտ ուժային միջոցներ է կիրառել վիրուսի տարածումը կանխելու համար: Ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում այդ երկրում չափազանց խիստ պատիժ է սպասվում: Ժողովրդավարական պետություններում նման միջոցները գուցե անհնարին են: Շատ բան թողնված է մարդկանց խղճին եւ գիտակցությանը: Որոշ երկրներում այդ գիտակցությունը նույնքան բարձր է, որքան առողջապահության մակարդակը եւ պետության կազմակերպվածությունը: Դանիայում, օրինակ, կորոնավիրուսով վարակվել է մոտ 500 հոգի, բայց մահացության ոչ մի դեպք չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: