«Մեծ ժողովրդավարի» զավեշտալի «կտերը»

Հայաստանյան քաղաքական օրակարգում, որն իրականում շատ աղքատիկ է, գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում զավեշտալի մի նոր տեսարանի։

Օրեր առաջ ՀՀԿ պատվիրակությունը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Սարգսյանն այնտեղ հանդիպել էր ԵԺԿ նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Սարգսյանի այցից ոգևորված, իշխանամերձ մամուլն ու ֆեյքային բանակները գրոհեցին, թե «Երրորդ նախագահը փախել է ՀՀ-ից», «արհամարհել է դատարանի՝ երկրից չհեռանալու մասին որոշումը», և այլն, այնինչ, ամեն ինչ տեղի էր ունեցել օրենքի տառին համապատասխան։ Սարգսյանի՝ Բրյուսել մեկնելու փաստը ՀՀ ողջ գերքաղաքականացված հանրության շրջանում առաջացրեց միջուկային ռումբի պայթյուն, և միանգամից սկսվեցին ամենաֆանտաստիկ ու միստիկ մեկնաբանությունները, թե «նա այլևս հետ չի վերադառնա Հայաստան, ինչպես նախկին իշխանությունների մյուս ներկայացուցիչները», սակայն, ինչպես և նախապես հայտարարված էր՝ այցը երկօրյա էր, և մարտի 7-ին Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը վերադարձավ Երևան։

Միանշանակ հասկանալի է, որ այս այցը, ինչպես և Զագրեբ կատարած այցը․ ՀՀ գործող իշխանության համար բավականին ցավոտ էր, քանի որ իր այցերի շրջանում Սերժ Սարգսյանը բնականաբար հանգամանալից ներկայացրել է, թե ինչ է կատարվում ՀՀ ներքաղաքական առօրյայում, ինչպիսի տոտալ ճնշումներ են ընթանում նախկին իշխանությունների ու նախագահների նկատմամբ։ Այս այցերը դաստիարակաչկան ապտակներ են՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ով իրեն ամեն առիթով փորձում է ներկայացնել՝ որպես «մեծ ժողովրդավար» ու «ազգընտիր հումանիստ»։

Սովորական մարդկային բանականություն ունեցող մարդու համար ակնհայտ է, որ այն քաղաքական կուրսը, որն այսօր կիրառվում է Փաշինյանի կաբինետի կողմից, բացարձակ ավտորիտար մեթոդներ են, որոնք անընդունելի են եվրոպական շրջանակներում։ ՀՀ-ում ստեղծված քաղաքական ներկապնակն այսօր այնպիսի դասավորություն ունի, որ գրեթե ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությունը, իրենց արտասահմանյան այցերի ժամանակ չեն ներկայացնում ՀՀ-ում տիրող համընդհանուր պատկերը․ իշխանությունները ցավագին են ընդունում կոնկրետ Սերժ Սարգսյանի այցերը, այդպես եղավ նաև զագրեբյան այցից հետո։

Այսօր հայտնի դարձավ, որ բավական անակնկալ կերպով Բրյուսել է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը, որտեղ նա նույնպես հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ։ Ակնհայտ է, որ սա էժան տրյուկ է՝ ընդհանուր իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և եվրոպացիների մոտ իմիտացիա ապահովելու համար, սակայն, եվրոպական շրջանակներում նման «ժպիտներով ու ժեստերով» հարցեր չես լուծի, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը դրա մասին փայլուն գիտի, ուղղակի չունի այլ տարբերակ։

Նշենք, որ Եվրոպան ուշադրությամբ հետևում է ՀՀ-ում տեղի ունեցող իրավական քաոսին, որի կնքահայրն անձամբ Փաշինյանն է․ բնական է, որ Ջիանի Բուքիքիոյի հասցեին հնչեցրած մեղադրանքների, ու առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելու՝ այս հակասահմանադրական ֆարսն անցկացնելու համար ՀՀ վարչապետը հանդիսանում է թիվ մեկ առանցքային պատասխանատուն, և դա նույնպես Փաշինյանը շատ լավ գիտակցում է։

Այսօր պարզ է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում Հին մայրցամաքին բացատրել, թե ինչո՞ւ են նման բացահայտ քաղաքական ակցիաներով իրավական խնդիրներ լուծում, որոնք հակասում են ժողովրդավարական պետության նորմերին։ Այսքանից հետո պարզ է դառնում, որ Փաշինյանի Բրյուսել կատարած գրեթե անօրակարգ այցի հիմնական նպատակը եվրոպական ղեկավարության շրջանակներում ՀՀ-ում սպասվող ապրիլի 5-ի հանրաքվե-ֆարսի հետ կապված անհանգստությունները որոշակի մեղմելն է, միաժամանակ՝ շարքային այն քաղաքացիներին, որոնք հեղափոխական իշխանություններից դեռ սպասելիքներ ունեն, համոզելը, որ «ՀՀ-ում հարց լուծողն ինքն է, ոչ թե՝ կոռումպացված Սերժը»։ Նիկոլն այստեղ թույլ է տալիս առանցքային բացթողում, քանի որ մոռանում է, որ հանձիս ԵՄ-ի և կոնկրետ Տուսկի՝ գործ ունի պրոֆեսիոնալների հետ, և իր ներքաղաքական «կտերն» այնտեղ չեն աշխատում։

Արման Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս