Բաժիններ՝

7-8 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել. Փոքրիկ Անգելինայի վիճակը դեռ ծանր է. բժիշկներ

«Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանը և Գագիկ Հեբոյանը Հայաստանի համար աննախադեպ վիրահատություն են արել՝ տեղադրել են երեխայի սրտի ձախ փորոքի ֆունկցիաները կատարող սարք: ԲԿ-ի Մանկական բաժանմունքի վարիչ, մանկական սրտաբան Հովհաննես Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սրտամկանի խնդիրներ երեխայի մոտ առաջացել են 1 տարեկանից, հիմա նա 4.5 տարեկան է:

«Երեխան տարիներ շարունակ մեր հսկողության տակ է եղել, տարել է սրտամկանի բորբոքում՝ միոկարդիտ, իր մոտ զարգացել է դիլատացիոն կարդիոմիոպատիա՝ սրտամկանը կորցրել է կծկվելու և զարկերակներին արյուն մատակարարելու ֆունկցիան: Վիճակը բարդացել է, վերջում շատ վատ էր կծկվում երեխայի սիրտը, և նա սրտային անբավարարության մեջ էր: Դեղորայքային բուժումն արդյունավետ չի եղել, վիճակը կտրուկ վատացել է»,- ասաց Զոհրաբյանը:

Մանկական սրտաբանի խոսքով՝ այս հիվանդությունը երեխաների մոտ հանդիպում է  ավելի քիչ, քան սրտի բնածին արատը, բայց մահացության դեպքերի շատ մեծ թիվ կա: Գործիքը, որը պետք է տեղադրվեր, Հայաստան է հասել հաշված օրերի ընթացքում, չնայած, ինչպես սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանն է պնդում, չեն լինում դեպքեր, որ որևէ ընկերություն, որը մինչև այդ չի աշխատել որևէ երկրի հետ այդ ոլորտում, այդքան արագ սարք ուղարկի: Մինչև սարքի տեղ հասնելը երեխայի մոտ սրտի կանգ է եղել:

«Սրտի երկարատև արհեստական աշխատանքից, մասաժներից հետո հնարավոր եղավ երեխային ողջ պահել, միացնել արհեստական շրջանառություն: Երեխան, բացի նրանից, որ ունի ձախ փորոքի անբավարարություն, աջ փորոքի կծկողականությունը ևս մտահոգիչ է: Մեր գործիքը փոխարինում է միայն ձախ փորոքը, մյուս մտահոգությունը երեխայի թոքերն են, որոնք վերակենդանացման միջոցառումների արդյունքում վնասվել են: Նման անբավարարություն ունեցող երեխաները ապարատի տեղադրման լավագույն թեկնածուները չեն, ռիսկային գործ է սկսվել, երկար քննարկում է արվել, վերջում որոշվեց այս շանսն օգտագործել»,- ասաց Հեբոյանը:

Բժշկի խոսքով՝  սարքը բավականին լավ է աշխատում, սակայն երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության ապարատ է միացված: Վիճակը գնահատվում է ծանր:

«Երբ երեխան հրաշքով կանջատվի արհեստական շրջանառությունից, շնչառական խողովակից կանջատվի,  կմնա միայն այս ապարատը, կտեղաշարժվի, կարող ենք առաջին հանգիստ շունչը քաշել: Երեխայի կյանքին սպառնալիքը դեռևս չի նվազել»,- ասաց Հեբոյանը:

Արհեստական սիրտը երեխաների մոտ չի կարող ամբողջ կյանքի համար լինել, պնդում են բժիշկները, քանի որ երեխան մեծանում է, իսկ սարքը՝ ոչ: Հաջորդ քայլը սրտի փոխպատվաստումն է: «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հույս հայտնեց, որ առաջիկայում իրենց կենտրոնը կդառնա նման սարքեր տեղադրելու կենտրոն:

«Տարածաշրջանում առաջին անգամ էր նման բան իրականացվում: Մեր ազգաբնակչությունն էլ ոտքի կանգնեց, մի քանի օրում գումարը հավաքվեց: Տեղադրված ապարատը բավականին թանկարժեք ապարատ է: Փնտրում էինք ավելի էժան տարբերակներ, սակայն Մետրոնիկի ապարատը լավագույններից է համարվում՝ մոտ 100 հազար դոլար արժողությամբ»:

Անգելինայի մայրը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երեխայի մոտ թուլություն է եղել 6 ամսականում, բժիշկները կարծել են, թե ջրազրկումից է:

«Վիրուսի՝ բրոնխիտի հետևանք էր այդ խնդիրը, կամ բնածին էր, ոչ ոք չի կարող հստակ ասել: Գնացել էր դեպի բարդացում: Մեր երեխայի շնորհիվ մյուս երեխաները հնարավորություն կստանան օգտվել այս տեսակ վիրահատություններից: Հրաշքներ իսկապես լինում են, սա բացառիկ դեպք էր, մեր, մեր երեխայի, բժիշկների, մեզ աջակցող մարդկանց պայքարի միջոցով կարողացանք հաղթահարել այդ բարդ խնդիրը: Վահան Քերոբյանին եմ ուզում շնորհակալություն հայտնել, նա մեր կյանքում լուսավոր կետ է»:

Երեխային ծնողներն այսօր չեն տեսակցել: Հիվանդանոցում կարանտին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս