«Ամեն ինչ արվում է, որ ՀՀ-ն չդիմի ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, և ՌԴ-ն չհայտնվի անհարմար դրության մեջ». ռազմական վերլուծաբան

Տավուշի ուղղությամբ սրացումները կապված են գարնանային որոշակի սեզոնայնության հետ, քանի որ ձմռանը բարձունքներից որոշակիորեն աննկատ ետ են քաշվում, իհարկե, ոչ մարտավարական իմաստով, իսկ գարնանը, ամռանը նորից փորձում են դիրքերը բարելավել, դիրքային ավելի լավ իրավիճակ զբաղեցնել:

168.am-ի հետ զրույցում Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ակտիվությունն այս հանգամանքով պայմանավորեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

«Ձմռանը լեռներում կռվելը, հատկապես՝ հարձակողական գործոններ զարգացնելը կլիմայական բարդությունների հետ է կապված, իսկ գարնանը միշտ էլ որոշակի ակտիվություն է լինում՝ բնակլիմայական գործոններով պայմանավորված: Զուտ փորձագիտական մակարդակով, կրկնում եմ, որ այս դեպքում դիրքային բարելավման հետ է կապված Ադրբեջանի ակտիվությունը: Բնական է՝ ադրբեջանցիներն ավանդույթի համաձայն՝ ձգտում են ամեն ինչ ավելի ագրեսիվ ձևով իրականացնել, բայց ավելի անփույթ են գործում մշտապես: Իսկ հայկական կողմը տվել է արժանի պատասխան և հիանալի լուծել իր խնդիրը: Նման սրացումներ եղել են և կլինեն, դա զարմանալու բան չէ, իմ կարծիքով, սա առանձնահատուկ բան չի նշանակում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում նավթի գների անկման արդյունքում Ադրբեջանի կողմից պատերազմական վիճակի սրման հնարավորությանը, հատկապես, երբ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից առաջ նման փաստ ևս արձանագրվել էր, Մհեր Հակոբյանը նշեց, որ, երբ նայում ենք Ադրբեջանի տնտեսական և ռազմական զարգացմանը 2010-ականների սկզբին, այն ժամանակ նման վտանգ կար, քանի որ գոյություն ուներ զարգացման առավելագույն կետ, որին Ադրբեջանը հասնում էր 2015-2016 թվականներին:

«Եվ այն ժամանակ փորձագետներս նշում էինք՝ կամ հիմա պիտի լինի պատերազմը, կամ ընդհանրապես չլինի: Դա Ադրբեջանի տնտեսաքաղաքական գագաթնակետն էր, և իրենք էլ էին զգում, որ դրանից հետո անկման են գնալու, ուստի կամ պիտի կուտակված, լիցքավորված զենքերն այդ պահին կրակեին, կամ կրակելու ավելի հարմար ժամանակ իրենք չէին ունենա: Եվ, ցավոք, 2015-2016-ի սրացումները հաստատեցին մեր կանխատեսումները: Իսկ հիմա, իմ կարծիքով, Ադրբեջանն անկման փուլում է արդեն՝ հաշվի առնելով նավթի գները, երկրորդ՝ քաղաքական անկայունության փուլ են մտնում, և մենք հստակ տեղեկություն չունենք Ալիևի առողջության մասին, բայց, այնուամենայնիվ, նա առողջական խնդիրներ ունի, և Միլի մեջլիսի ընտրությունները, պրոմեհրիբանյան թևի ուժեղացումը կարծես թե վկայում են, որ իշխանության փոխանցում են փորձում իրականացնել: Եվ այս պայմաններում պատերազմ իրենց պետք չի: Բնականաբար, մեզ նույնպես պատերազմ պետք չի: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ նավթի գների անկումը, որը, բնականաբար, ազդում է Ադրբեջանի տնտեսության և ռազմական հզորության վրա, ավելի է նվազեցնում պատերազմի հավանականությունը: Այսինքն՝ ես չեմ համարում, որ նավթի գների անկումը կբերի պատերազմի»,- ընդգծեց ռազմաքաղաքական վերլուծաբանը:

Մեր հարցին, որ գործող իշխանությունները սահմանային սրացումների ժամանակ չեն հիշում ՀԱՊԿ-ին, պակաս պահանջատեր են, մինչդեռ, երբ ընդդիմություն էին, հակառակ պատկերն էր, Մհեր Հակոբյանը ցավալի ճշմարտություն հիշեցրեց՝ ՀԱՊԿ-ում դաշնակցային անհավասարություն կա, բոլորը միաժամանակ և միատեսակ հավասար չեն, ինչն առկա է նաև ՆԱՏՕ-ի դեպքում:

«ՀԱՊԿ-ում դաշինքի գլխին կանգնած է Ռուսաստանը, իսկ ՌԴ-ին այս պահին ձեռնտու չէ ԱՊՀ տարածաշրջանում հարաբերությունների սրումը, հատկապես, երբ ՌԴ-ն լարված պայքար է մղում Սիրիայում, այսինքն՝ ստատուս-քվոյի փոփոխություն նրան պետք չէ, ուստի ամեն ինչ արվում է, որ ՀՀ-ն հանկարծ չդիմի ՌԴ-ին, և նա չհայտնվի անհարմար դրության մեջ, քանի որ ՀՀ-ին բացահայտ աջակցությունը, որը բխում է պայմանագրային պարտավորություններից, կնեղացնի Ադրբեջանին, իսկ չաջակցելու դեպքում էլ ՌԴ-ն կկորցնի դեմքը: Չմոռանանք, որ ՌԴ-ում թափ են առել սահմանադրական հանրաքվեի հետ կապված միջոցառումները, և այս տեսանկյունից ևս իրենց դա պետք չէ: Կարծում եմ՝ ցավալիորեն ունենք մի վիճակ, ինչի ականատեսը եղանք նախորդ իշխանությունների օրոք՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ կոնֆլիկտի ժամանակ արագորեն բերեցին մի իրավիճակի, որ Հայաստանը կարիք չունենա դիմելու ՀԱՊԿ-ին:

Եթե հիշում եք, նախկին ղեկավարությունը պնդում էր, որ Հայաստանի ուժերը բավարարում են, և ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա: Այս մոտեցումը, իհարկե, մեզ պատիվ է բերում, բայց նաև եկեք ցավալիորեն ընդունենք, որ իրականում մեզ ներքին խողովակներով հասկացրել են՝ պաշտոնապես մի դիմեք ՀԱՊԿ-ին, որովհետև մեզ կդնեք անհարմար վիճակի մեջ, ինչի մասին, բնականաբար, մեր պաշտոնյաները չեն ասի: Սա ՀԱՊԿ-ի ոչ միատարրության, արհեստականության մասին է խոսում: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ նախկինում կար երկու բլոկ՝ վարշավյան և ՆԱՏՕ, և ամեն մեկն իր դաշնակցի համար պայքարում էր, այսօր այլ իրավիճակ է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց բացահայտ պատերազմ է մղում՝ առանց ՆԱՏՕ-ի, և ոչ ոք վստահ չէ՝ եթե Թուրքիայի տարածքը հրետակոծվի, արդյո՞ք ՆԱՏՕ-ն կմասնակցի:

Այսինքն՝ մյուս դաշինքները ևս այս խնդիրն ունեն, ուղղակի ՀԱՊԿ-ի պարագայում խնդիրն առավել սրված է, քանի որ այն որոշակիորեն արհեստական դաշինք է, նաև՝ անհավասարների, և դաշինքի գլխին կանգնած է մի սուբյեկտ՝ ՌԴ-ն, և ինքն է, ըստ էության, որոշում, թե ինչ և ոնց պիտի արվի: Չհաշված նաև այն, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք շահագրգռված չեն ՀՀ-ի իրողություններով, օրինակ, հենց Ղազախստանը, որն ընտիր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ մերոնք մանևրելու տեղ չունեն, պարզապես պիտի ուժեղ լինենք, մեր խնդիրները մենք լուծենք, իսկ ՀԱՊԿ-ի վրա հույս դնենք գերճգնաժամային իրավիճակներում, երբ մեզ անգամ ասեն՝ մի դիմեք, բայց մենք պնդենք՝ պիտի դիմենք, և դուք դիրքորոշում պիտի հայտնեք: Հիշենք, որ մենք անգամ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ չդիմեցինք»,- կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Հակադարձմանը, որ ապրիլյան գործողություններն Արցախի տարածքում էին, իսկ այս դեպքում ՀԱՊԿ-ն չի կարող ըստ պայմանագրի միջամտություն կամ աջակցություն դրսևորել, Մհեր Հակոբյանը պատասխանեց, թե դաշինքը չպիտի միայն գործի՝ ըստ իրավաբանության, հատկապես, երբ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է հանդիսանում:

«Ազնիվ չէ, երբ ասում են՝ իրավաբանորեն ճիշտ չէ, որ մենք մասնակցենք, երբ բոլորն էլ գիտեն, որ հարվածը հենց քեզ է գալիս: Սա խոսում է դաշինքի արհեստականության մասին: Այո, իրավաբանորեն մարտական գործողություններն Արցախում էին, բայց գիտենք, որ այդտեղ նաև ՀՀ-ի կենսական շահերն էին ոտնահարվում: Դա դաշինքն արժեզրկում է բարոյական մակարդակում, բարոյազրկում է: Արցախի տարածքում չեն խառնվելու, սա խոսում է այն մասին, որ պետք չի գերագնահատել կամ թերագնահատել ՀԱՊԿ-ն, և սեփական վառոդը չոր պահել միշտ»,- ընդգծեց ռազմական վերլուծաբանը:

Միաժամանակ, Մհեր Հակոբյանը չհամաձայնեց այն պնդումներին, թե ՀԱՊԿ-ը մեզ պետք չէ, այլ հարց է՝ ՀԱՊԿ-ից պիտի պահանջել այն, ինչ կարող է այն տալ մեզ:

Նա ընդունեց՝ արաքսյան սահմանում ռուսական ուժերը մեծ կայունություն են ապահովում:

«Տեսեք, թե Թուրքիան ինչ է անում Սիրիայում, երբ թքելով միջազգային կանոնների վրա՝ մտել է սուվերեն երկրի տարածք, մարտական գործողություններ է վարում, ավելին, այն աստիճանի է լկտիացել, որ մտնելով հարևան երկրի տարածք և կռվելով այնտեղ՝ խոսում է իր ինքնապաշտպանության իրավունքից: Ասածս այն է, որ ռուսական բազան Գյումրիում զսպող դեր է կատարում: Ճիշտ է՝ Էրդողանի նեոօսմանյան արկածախնդրությունը Թուրքիային փորձանքի կբերի, բայց չպետք է մոռանալ, որ գործ ունենք ագրեսիվ և վտանգավոր «գազանի» հետ: Եվ այն, որ այս պահին մեր ուժերի հիմնական մասն արևելյան սահմանում է, դա նրանից է, որ մեր արևմտյան սահմանը պահվում է քաղաքական միջոցառումներով՝ ի դեմս ՌԴ-ի, որովհետև եթե գործողություններ եղան, այդ 3-4 հազար հոգին քիչ է լինելու: Բայց քիչ են նաև հայկական բանակի ուժերն այն պահելու համար: Այսինքն՝ եթե արևմտյան սահմանում ռուսական զորքերը չլինեն, վտանգ կա, որ Արմավիրի մարզում կամ Գյումրիի մոտակայքում ունենանք իդլիբանման իրավիճակ, երբ Թուրքիան կմտնի և կփորձի «ինքնապաշտպանվել»՝ ասելով, թե քրդերն անցել են Արմավիրի մարզ և այնտեղից իրեն սպառնում են»,- եզրափակեց ռազմաքաղաքական վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս