Դատախազությունը չի ստացել փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կասկածյալին ազատ արձակելու որոշումը
Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և կիրառել գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը»,- ասաց Խաչատրյանը: