Բաժիններ՝

Պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։

Այնուհետև Էրեբունի համայնքի բարձրաստիճան պաշտոնատար անձը, իր հետ բարեկամական և ընկերական կապի մեջ գտնվող անձանց օգտին գործողություններ կատարելու դիտավորությամբ պայմանավորված, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել ու կազմակերպել է մանկապարտեզի հողատարածքի օտարման գործընթաց։

Գործընթացի շրջանակներում տվյալ գույքը աճուրդով օտարելու փոխարեն համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 7-ին կայացրած որոշման հիման վրա տարածքը ընդամենը 10 միլիոն 430 հազար 790 դրամով, ներառյալ կադաստրային արժեքը, օտարվել է հիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձի մտերիմին։ Հետագայում հողամասը գնահատվել է 105 միլիոն դրամ ու գրավադրվել բանկում։ Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս։

Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս